«Արեւածաղիկ» ամսագրի պատանի լրագրողները ստացան ավարտական վկայականներ


«Արեւածաղիկ» ամսագրի պատանի լրագրողները ստացան ավարտական վկայականներ

  • 07-07-2011 20:10:47   | Հայաստան  |  Մշակույթ
«Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսագրի պատանի լրագրողների 12-րդ սերունդը այսօր` հուլիսի 7-ին, ստացավ ավարտական վկայականներ: «Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված արարողությանը ներկա էին «Հույսի Կամուրջ»-ի տնօրեն Սուսաննա Թադեւոսյանը, ամսաթերթի խմբագրակազմը, լրագրության ուսուցչուհի Նունե Ալեքսանյանը, խմբագիր Զառա Բաթոյանը, նախկին եւ ներկա սերնդի պատանի լրագրողները, ինչպես նաեւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը: Ներկայացվեց նաեւ տեսանյութ` նվիրված ամսագրի տասնամյակին: Նշվեց, որ արդեն 12 տարի է, ինչ «Արեւածաղիկը» կրթում եւ դաստիարակում է ապագա փորձառու լրագրողների՝ կազմակերպելով լրագրության անվճար դասընթացներ: Ամսագիրը հրատարակվում է «Օքսֆամ» Մեծ Բրիտանիայի եւ Դանիայի միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ պատանիների կողմից եւ որդեգրել է «Հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսը: «Երբ ասում են «12-րդ սերունդ», մտովի ետ եմ գնում դեպի «Արեւածաղիկի» ստեղծումը: Այն արդեն կրթել է 120-ից ավելի պատանիների, որոնցից շատերն այսօր դարձել են հմուտ լրագրողներ։ Իսկ նրանք, ովքեր չեն ընտրել այդ ուղին, համենայնդեպս պահպանել են այն մարդկային արժեքները, որոնք ստացել են «Արեւածաղկից»,- նշեց Սուսաննա Թադեւոսյանը: «Արեւածաղիկը» շատ բան տվեց ինձ, դարձրեց ավելի նպատակասլաց, եւ ես հաստատ որոշել եմ, որ ընտրելու եմ լրագրությունը որպես մասնագիտություն»,- խոստովանեց պատանի լրագրող Ռոզա Գրիգորյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play