ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆ ԻՐ ՏԵՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԵՎ<br /> ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՎԱՐՁԱՏՐՎԻ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆ ԻՐ ՏԵՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԵՎ
ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՎԱՐՁԱՏՐՎԻ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 04-05-2007 17:48:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 4-ին այցելեց «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակում Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցվող Երեւանի թիվ 125 եւ թիվ 80 դպրոցները: Քանաքեռ-Զեյթուն համայնքի 125 դպրոցի նոր շենքի կառուցման, բարեկարգման եւ գույքի ձեռքբերման համար ծրագրով հատկացվել է 3,5 մլն դոլար: Շինաշխատանքները նախատեսված է ավարտել 2008թ.-ի մայիսին, սակայն, հնարավոր է, որ դրանք ավարտվեն ավելի շուտ` մինչեւ այս տարեվերջ: Կենտրոն համայնքի թիվ 80 դպրոցի շենքի վերակառուցման եւ հիմնանորոգման նպատակով հատկացվել է 1,3 մլն դոլար: Այստեղ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ 2008թ.-ի հունվար ամիսը, իսկ այնուհետեւ կսկսվեն դպրոցի կահավորման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, «Դպրոցաշինություն» ծրագրով 10 դպրոցների (5-ը` Երեւանում, 5-ը` մարզերում) վերակառուցման եւ հիմնանորոգման համար «Լինսի» հիմնադրամը տրամադրել է 20 մլն դոլար: Նույն օրը Ռ.Քոչարյանը ծանոթացավ նաեւ «Լինսի»-ի ֆինանսավորմամբ «Ճանապարհաշինություն» ծրագրի շրջանակում Հերացու փողոցից Ազատության պողոտայով Ավետիսյան փողոցին միացող ճանապարհահատվածի շինարարության ընթացքին: Շինարարության ընդհանուր արժեքը 4,5 մլրդ դրամ է (մոտ 12,5 մլն ԱՄՆ դոլար): Ինչպես լրագրողներին հայտնեց ծրագրի ղեկավար Էդվարդ Բեզոյանը, շինաշխատանքները սկսվել են անցած տարվա հոկտեմբերին. դրանց առաջին 2 փուլերը նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին, իսկ Հերացու տեղամասի` «Բելաջիոյի» հատվածի տրանսպորտային հանգույցի կառուցումը` 2008թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին: Է.Բեզոյանը նշեց, որ նոր լուծումների շնորհիվ տնտեսվել է 400 մլն դրամ, ինչը հնարավորություն է տվել Հերացու փողոցում` «Բելաջիոյի» հետնամասում, նոր թունելի շինարարություն ձեռնարկել: Վերջինիս շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին: Լրագրողների հետ զրույցում Ռ.Քոչարյանը ճանապարհային հանգույցի շինարարությունը գնահատեց որպես «հզոր ծրագիր», որը կբեռնաթափի Երեւանի կենտրոնը եւ Բաղրամյան պողոտան: Նա գոհունակություն հայտնեց շինարարության ոլորտի ներկա վիճակի կապակցությամբ: «Մի քանի տարի առաջ ասել եմ, որ շինարարների մեծ պակաս ենք ունենալու` լավ շինարարի հետեւից վազում են: Այնպես պետք է անենք, որ բոլոր այլ ոլորտներում լավ մասնագետն իր տեղն ունենա եւ պատշաճ կերպով վարձատրվի»,- ասաց Ռ.Քոչարյանը: Որպես ասվածի վկայություն նա նշեց, որ թիվ 125 դպրոցի շինարարության վրա աշխատող շինարարների միջին աշխատավարձը կազմում է 180 հազ. դրամ (մոտ 500 ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Հասարակություն