ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆ ԻՐ ՏԵՂԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԵՎ
ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՎԱՐՁԱՏՐՎԻ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
04-05-2007 17:48:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
մայիսի 4-ին այցելեց «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակում Լինսի
հիմնադրամի միջոցներով վերակառուցվող Երեւանի թիվ 125 եւ թիվ 80
դպրոցները:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի 125 դպրոցի նոր շենքի կառուցման,
բարեկարգման եւ գույքի ձեռքբերման համար ծրագրով հատկացվել է 3,5
մլն դոլար: Շինաշխատանքները նախատեսված է ավարտել 2008թ.-ի
մայիսին, սակայն, հնարավոր է, որ դրանք ավարտվեն ավելի շուտ`
մինչեւ այս տարեվերջ: Կենտրոն համայնքի թիվ 80 դպրոցի շենքի
վերակառուցման եւ հիմնանորոգման նպատակով հատկացվել է 1,3 մլն
դոլար: Այստեղ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ 2008թ.-ի
հունվար ամիսը, իսկ այնուհետեւ կսկսվեն դպրոցի կահավորման
աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, «Դպրոցաշինություն» ծրագրով 10 դպրոցների
(5-ը` Երեւանում, 5-ը` մարզերում) վերակառուցման եւ հիմնանորոգման
համար «Լինսի» հիմնադրամը տրամադրել է 20 մլն դոլար:
Նույն օրը Ռ.Քոչարյանը ծանոթացավ նաեւ «Լինսի»-ի
ֆինանսավորմամբ «Ճանապարհաշինություն» ծրագրի շրջանակում Հերացու
փողոցից Ազատության պողոտայով Ավետիսյան փողոցին միացող
ճանապարհահատվածի շինարարության ընթացքին: Շինարարության ընդհանուր
արժեքը 4,5 մլրդ դրամ է (մոտ 12,5 մլն ԱՄՆ դոլար): Ինչպես
լրագրողներին հայտնեց ծրագրի ղեկավար Էդվարդ Բեզոյանը,
շինաշխատանքները սկսվել են անցած տարվա հոկտեմբերին. դրանց առաջին
2 փուլերը նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին, իսկ Հերացու
տեղամասի` «Բելաջիոյի» հատվածի տրանսպորտային հանգույցի
կառուցումը` 2008թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին: Է.Բեզոյանը նշեց, որ
նոր լուծումների շնորհիվ տնտեսվել է 400 մլն դրամ, ինչը
հնարավորություն է տվել Հերացու փողոցում` «Բելաջիոյի»
հետնամասում, նոր թունելի շինարարություն ձեռնարկել: Վերջինիս
շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին:
Լրագրողների հետ զրույցում Ռ.Քոչարյանը ճանապարհային
հանգույցի շինարարությունը գնահատեց որպես «հզոր ծրագիր», որը
կբեռնաթափի Երեւանի կենտրոնը եւ Բաղրամյան պողոտան: Նա
գոհունակություն հայտնեց շինարարության ոլորտի ներկա վիճակի
կապակցությամբ: «Մի քանի տարի առաջ ասել եմ, որ շինարարների մեծ
պակաս ենք ունենալու` լավ շինարարի հետեւից վազում են: Այնպես պետք
է անենք, որ բոլոր այլ ոլորտներում լավ մասնագետն իր տեղն ունենա
եւ պատշաճ կերպով վարձատրվի»,- ասաց Ռ.Քոչարյանը: Որպես ասվածի
վկայություն նա նշեց, որ թիվ 125 դպրոցի շինարարության վրա աշխատող
շինարարների միջին աշխատավարձը կազմում է 180 հազ. դրամ (մոտ 500
ԱՄՆ դոլար):