ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔՈՎ ԱՅՆ ԿԶՐԿՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ<br /> ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻՑ ԵՎ ԿԴԱԴԱՐԻ ԼԻՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ<br />


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔՈՎ ԱՅՆ ԿԶՐԿՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻՑ ԵՎ ԿԴԱԴԱՐԻ ԼԻՆԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

  • 03-05-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքով կատարված փոփոխությունները կարող են էապես նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը հենց դատախազության համակարգում: Այս մասին «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության կողմից հրավիրված մայիսի 2-ի քննարկմանը նշեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը: Դատախազության մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել մայիսի 1-ից, սակայն այն լիովին գործադրելու համար անհրաժեշտ է ընդունել շուրջ 50 իրավական նորմատիվ ակտեր, այդ թվում, փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում: Օրենքի մի մասը ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից, մյուս մասը դեկտեմբերի 1-ից եւ օրենքն ամբողջությամբ` 2008թ-ի հունվարի 1-ից: Նոր օրենքով նախատեսված հիմնական փոփոխությունը այն է, որ քննչական ապարատը դուրս է գալու դատախազության համակարգից: 2007թ-ի դեկտեմբերի 1-ից դատախազությունը այլեւս քննություն չի իրականացնելու: Քննչական գործառույթից հրաժարումը, ըստ Գ. Դանիելյանի, նպատակ ունի ավելի ուժեղացնել հետաքննության եւ նախաքննության նկատմամբ հսկողությունը: «Դատախազության մասին» նոր օրենքով հստակորեն ամրագրվել է, որ քրեական հետապնդումը դատախազի բացառիկ իրավունքն է, այսինքն մեղադրանքը առաջադրում է միայն դատախազը: Նույն դատախազը նաեւ հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության նկատմամբ, ապա մեղադրանքը պաշտպանում դատարանում: Այս նոր սկզբունքը արդեն իսկ սկսել է փորձնական կարգով կիրառվել Հայաստանի տարբեր համայնքներում, իսկ 2007թ-ի հունվարի 1-ից «միեւնույն դատախազի» սկզբունքը գործում է հանրապետության դատախազության բոլոր մարմիններում: Օրենքով փոփոխություն է նախատեսվում նաեւ դատախազության կողմից իրականացվող պետական շահերի պաշտպանության գործընթացում: Այսուհետ միջազգային արբիտրաժներում գույքային վեճերով Հայաստանի Հանրապետությունը կներկայացվի դատախազության կողմից: Օրենքով դատախազությունը դադարում է կենտրոնացված համակարգ լինել. այսուհետ վերադաս դատախազը կարող է ցուցումներ տալ միայն իր անմիջական ենթակայության տակ գտնվող դատախազին, վերջինս դրանք կարող է չկատարել, եթե դրանք անօրինական կամ անհիմն են: Ընդ որում, դատախազը կարող է բողոքարկել վերադասի անհիմն ցուցումները, իսկ անօրինական ցուցումները բողոքարկել պարտավոր է: Օրենքով էական փոփոխություններ են կատարվել համակարգում կադրային նշանակումների հարցում. ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ Նախագահի ներկայացմամբ ընտրում է ԱԺ-ն, իսկ գլխավոր դատախազի տեղակալներին` ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած թեկնածություններից նշանակում է ՀՀ Նախագահը: Դատախազներին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու լիազորություն այլեւս ՀՀ գլխավոր դատախազին վերապահված չէ: Դատախազները կարող են զբաղեցրած պաշտոնից հեռացվել եւ իսկ նոր թեկնածուները` նշանակվել միայն Դատախազության համակարգում գործող էթիկական եւ որակավորման հանձնաժողովների եզրակացության հիման վրա:
Նոյյան տապան  -   Հասարակություն