ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄՐ ՖԻԼՄԵՐԻ ՏԱՐԱԾԱՐՋԱՆԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
13-04-2007 18:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային կինոյի
լեգենդ Չարլզ Սպենսեր Չապլինի ծննդյան օրվա` ապրիլի 16-ի
կապակցությամբ, Հայաստանի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում
ապրիլի 14-15-ը տեղի կունենա Համր ֆիլմերի փառատոն, ուր
կցուցադրվեն տարածաշրջանի երկրներում ստեղծված համր ֆիլմեր:
Չապլինին նվիրված ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպվի նաեւ
«Մոսկվա» կինոթատրոնում:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց
Հայաստանի Ազգային պատկերասրահի կրթական բաժնի աշխատակից Մելիք
Կարապետյանը, արդեն 5-րդ անգամ Երեւանում կազմակերպվում է Չապլինի
ծննդյան օրվան նվիրված ֆիլմերի ցուցադրություն: Առաջին երկու
տարիներին դրանք անցկացվել են Երեւանի Խնկո Ապոր անվան մանկական
գրադարանում` «Չապլինյան մարաթոն» անվանումով, սակայն արդեն անցյալ
տարի Ազգային պատկերասրահում առաջին անգամ կազմակերպվեց Համր
կինոյի ռեգիոնալ փառատոն: