ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԻՐ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ<br /> 10-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԻՐ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
10-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

  • 03-04-2007 19:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) ապրիլի 5-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համերգասրահում հանդես կգա իր վերակազմավորման 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Նվագախմբի հրավերով համերգին կմասնակցեն իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, ամերիկահայ պարուհի Աիդա Ամիրխանյանը: Ինչպես ապրիլի 3-ի ասուլիսում հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, համերգից հետո համալսարանի ճեմասրահում կբացվի լուսնկարների ցուցահանդես, ինչպես նաեւ կցուցադրվի 2006թ.-ին Զվարթնոց տաճարում կայացած բացօթյա համերգի տեսաժապավենը: Ապրիլի 8-ին Հանրային հեռուստատեսությամբ կկայանա այդ ֆիլմի պրեմիերան: Ա.Ղարաբեկյանը նշեց, որ 10 տարի առաջ ստանձնել է նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները, եւ ամեն ինչ արել է, որպեսզի արվեստասեր հասարակությանը ներկայացվի բարձրակարգ երաժշտություն: «Մենք հսկա ճանապարհ ենք անցել: Նվագախումբը կայացել է եւ այսօր չի զիջում միջազգային ասպարեզում կամերային որեւէ նվագախմբի»,- նշեց նա: Տաս տարիների ընթացքում նվագախումբը ունեցել է բազմաթիվ արտասահմանյան հյուրախաղեր եւ հանդես եկել լավագույն համերգասրահներում: Բացի այդ, յուրաքանչյուր համերգաշրջանում կազմակերպվել են արտագնա բարեգործական համերգներ Հայաստանի մարզերում: Նշվեց, որ նվագախմբի պատվերով գրվել եւ կատարվել են 10 կոմպոզիտորների չորս տասնյակից ավելի ստեղծագործություններ: Ա.Ղարաբեկյանը հայտնեց, որ հոբելյանական համերգի հաջորդ օրը նվագախումբը կմեկնի Ֆրանսիա` մասնակցելու Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Նվագախումբը ֆրանսիական տարբեր քաղաքներում կունենա 4 համերգ: Նշվեց նաեւ, որ հուլիս ամսին կամերային նվագախումբը կմասնակցի «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատոնին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play