ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22 ՄԼՆ<br /> ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ<br />


ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 22 ՄԼՆ
ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

  • 09-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման 22 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ երկրորդ վարկային ծրագիրը: Վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից առաջին 10 տարին արտոնյալ, 0,75% տոկոսադրույքով: Գումարի տրամադրման վերաբերյալ պայամանագիրը մարտի 9-ին ստորագրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ՀԲ-ի Երեւանի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը: Վ.Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում օժանդակություն կցուցաբերվի ընտանեկան բժշկության վրա հիմնված առաջնային առողջապահության ծառայությունների ընդլայնմանը եւ մարզերում հիվանդանոցային ցանցերի արդիականացմանը: Ծրագրի նպատակն է հանրային առողջապահությանը սպառնացող ռիսկերի կառավարումը, բնակչության առավել խոցելի խմբերի մատուցվող առողջապահական ծառայությունների հասանելիության եւ որակի բարելավումը: Ծրագրի շրջանակներում շուրջ 50 գյուղական ամբուլատորիաներում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ, իսկ մինչեւ ծրագրի ավարտը մարզերի բնակչությունը լիարժեքորեն կապահովվի ընտանեկան բժշկության որակավորված ծառայություններով: Ըստ ՀԲ-ի տեղեկատվության, թեեւ Հայաստանում վերջին շրջանում առողջապահական ծառայությունների մատուցման բնագավառում առաջընթաց է արձնագրվել, այդուհանդերձ այդ ծառայությունների հասանելիությունը եւ դրանցից օգտվելու մակարդակը ցածր է մնում: Ընդ որում, բնակչությունն ավելի շատ օգտվում է պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների, քան առաջնային առողջապահության բուժհաստատությունների ծառայություններից:
Նոյյան տապան  -   Հասարակություն