2008 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ<br /> ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


2008 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 15-02-2007 19:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը: Փաստաթղթով սահմանվում է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում` տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ: Տեխնիկական զննություն իրականացնողների լիցենզավորումը եւ լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը: Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, հաջորդ տարվանից տեխզննումը կիրականացնեն լիցենզավորված ընկերությունները, որոնք կընտրվեն մրցութային կարգով, անժամկետ: Մրցույթը կհայտարարվի մայիսին: Նախատեսվում է, որ հանրապետությունում կգործեն 50 լիցենզավորված ընկերություններ: Ա.Մանուկյանը նշեց, որ լիցենզիա ստանալու համար ընկերությունները պետք է կատարեն մի շարք պահանջներ: Մասնավորապես, տեխզննումն ապահովող հոսքագծերի տեղադրման համար պետք է ունենան 1500 քառ.մ տարածք, եւս 180 քառ.մ` շինության համար: Նշվեց, որ ՀՀ տարածքում կա 302 հազար 552 ավտորանսպորտային միջոց: Նախնական հաշվարկներով, մեկ հոսքագիծը կարող է տարեկան սպասարկել 5200 մեքենա: Մեկ հոսքագծի արժեքը կազմում է 37-170 հազար դոլար: Նշվեց, որ մինչեւ 5 տարվա արտադրության մեքենաների տեխզննումը կանցկացվի 2 տարին մեկ անգամ, կանոնավոր փոխադրումներ իրականացնող մեքենաներինը` տարին 2 անգամ, մնացածինը` տարին մեկ անգամ: Ա.Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ տեխզննման սակագները սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նոյյան տապան  -   Հասարակություն