2008 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՏԵԽԶՆՆՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15-02-2007 19:10:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-ի նիստում ՀՀ
կառավարությունը հաստատել է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների
պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը: Փաստաթղթով
սահմանվում է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական
զննությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան
լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի
արտադրական բազայում` տեխնիկական արատորոշման միջոցների
օգտագործմամբ: Տեխնիկական զննություն իրականացնողների
լիցենզավորումը եւ լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ
հսկողությունն իրականացնում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի
նախարարությունը` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված
կարգով:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ-ում
տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման
գործունեության լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը:
Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
Անդրանիկ Մանուկյանը, հաջորդ տարվանից տեխզննումը կիրականացնեն
լիցենզավորված ընկերությունները, որոնք կընտրվեն մրցութային
կարգով, անժամկետ: Մրցույթը կհայտարարվի մայիսին: Նախատեսվում է,
որ հանրապետությունում կգործեն 50 լիցենզավորված ընկերություններ:
Ա.Մանուկյանը նշեց, որ լիցենզիա ստանալու համար
ընկերությունները պետք է կատարեն մի շարք պահանջներ: Մասնավորապես,
տեխզննումն ապահովող հոսքագծերի տեղադրման համար պետք է ունենան
1500 քառ.մ տարածք, եւս 180 քառ.մ` շինության համար: Նշվեց, որ ՀՀ
տարածքում կա 302 հազար 552 ավտորանսպորտային միջոց: Նախնական
հաշվարկներով, մեկ հոսքագիծը կարող է տարեկան սպասարկել 5200
մեքենա: Մեկ հոսքագծի արժեքը կազմում է 37-170 հազար դոլար:
Նշվեց, որ մինչեւ 5 տարվա արտադրության մեքենաների տեխզննումը
կանցկացվի 2 տարին մեկ անգամ, կանոնավոր փոխադրումներ իրականացնող
մեքենաներինը` տարին 2 անգամ, մնացածինը` տարին մեկ անգամ:
Ա.Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ տեխզննման սակագները
սահմանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովը: