ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ<br /> ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 08-02-2007 15:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ փետրվարի 8-ին ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, ըստ որի Հայաստանում կիրականացվի կրթական ծրագիր մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես նշեց ՀՀ օմբուդսման Արմեն Հարությունյանը, ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված գործողություններն են: Մասնավորապես, կպատրաստվի եւ Հանրային հեռուստատեսությամբ կհեռարձակվի թեմատիկ հաղորդումների շարք: Հաղորդաշարի ընթացքում կներկայացվեն Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող կարեւորագույն հարցերը: «Ծրագրով նախատեսված հեռուստահաղորդումների շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանը հնարավորություն կստանա մեծացնել հաստատության թափանցիկությունը, ինչպես նաեւ կատարված աշխատանքի համար հաշվետու լինել ամբողջ հասարակությանը»,- ընդգծեց Ա.Հարությունյանը: Նա համոզմունք հայտնեց, որ նման գործողությունները կարող են բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը եւ մարդու իրավունքները խթանող մշակույթ ձեւավորել: Հայաստանում ՄԱԿ-ի եւ ՄԱԶԾ-ի գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալի խոսքերով, արվելու է հնարավորը բնակչության շրջանում` ներառյալ ամենահեռավոր գյուղերում, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար, որը կտրամադրվի ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի Շվեդիայաի միջազգային զարգացման գործակալության եւ ՀՀ կառավարության կողմից: Ծրագրի շրջանակներում տեխնիկական օժանդակություն եւ սարքավորումներ կտրամադրվեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստագրական կենտրոնին:
Նոյյան տապան  -   Հասարակություն