ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՎԵՑ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
07-02-2007 19:40:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային
Ժողովն 1-ին ընթերցմամբ քննարկեց «Գույքահարկի մասին» օրենքում
լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է
գույքահարկից ազատել սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ
պայմաններով հաշմանդամների ստացած ավտոմեքենաները:
Ըստ օրինագծի հեղինակների` «ՀՀԿ» խմբակցության մի խումբ
պատգամավորների, ներկայումս այդ արտոնությունը տրամադրում է
համայնքի ավագանին, սակայն դիմողները յուրաքանչյուր տարի պետք է
ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Օրենքի ընդունմամբ նշված
կատեգորիայի անձինք, որոնք մեծամասամբ տարեց մարդիկ են, կազատվեն
լրացուցիչ թղթաբանությունից: Նշենք, որ սոցիալական մարմիններից
հաշմանդամներին արտոնյալ պայմաններով փոխադրամիջոցների տրամադրման
գործընթացը դադարել է 1992թ-ից: