ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ<br /> ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ` ԱՆՏԵՍԵԼՈՎ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆԸ,- ԱՍՈՒՄ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ<br /> ՉԵՔԻՋՅԱՆԸ<br />


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ` ԱՆՏԵՍԵԼՈՎ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆԸ,- ԱՍՈՒՄ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՉԵՔԻՋՅԱՆԸ

  • 03-02-2007 16:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ազգային դասական երաժշտության ակունքները շատ խորն են, սակայն այդ երաժշտության փոխարեն այսօր հնչում է արեւելյան աղավաղված երաժշտություն: Այս մասին ասաց Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը փետրվարի 3-ին «Ուրբաթ» ակումբում կայացած հանդիպմանը: Մաեստրոյի խոսքերով, դրա պատճառներից մեկն այն է, որ հեռուստաեթերով դասական երաժշտություն գրեթե չի հնչում, եւ ներկայիս սերունդը դաստիարակվում է «ռաբիս երաժշտությամբ»: Ճիշտ դաստիարակության համար, ըստ Հ.Չեքիջյանի, անհրաժեշտ է պետական աջակցություն եւ հոգածություն, ինչը կար խորհրդային տարիներին: «Կոմպոզիտորական դպրոցը նախկինում գտնվում էր հիանալի վիճակում, քանի որ յուրաքանչյուր լավ երաժշտության համար կոմպոզիտորը վճարվում էր, սակայն նոր կարգերի հաստատումից հետո այդ ավանդույթները մոռացվեցին, իսկ մեր կոմպոզիտորները սկսեցին զբաղվել գործիքային երաժշտությամբ` անտեսելով երգչախմբայինը»,- նկատեց Հ.Չեքիջյանը: Նրա խոսքերով, չգիտես ինչու պրոպագանդվող արեւելյան երաժշտությունը համարում ենք մերը, «մինչդեռ մոռանում ենք, որ ունենք Կոմիտասի նման մեծություն, որին անտեսելն ու մոռանալը անթույլատրելի է»: Այդուհանդերձ, մաեստրոն ուրախ է, որ այսօր կան նվիրյալներ, որոնք զբաղվում են դասական երաժշտությամբ եւ իրենց կյանքը նվիրում են դասական արվեստին: Հարցին, թե արդյո՞ք կզբաղվի քաղաքականությամբ եւ առաջիկայում կանդամակցի որեւէ քաղաքական կուսակցությանը, Հ.Չեքիջյանը նշեց. «Ես իմ արվեստով ավելի բարձր եմ կանգնած, քան որեւէ կուսակցություն: Իմ սկուզբունքներին դեմ է ադամակցել որեւէ կուսակցությանը, քանի որ դրա կարիքը երբեք չեմ զգացել»: Այդուհանդերձ, ըստ նրա, իրեն նման առաջարկներ բազմիցս արվել են: Նշենք, այս տարի կտոնվի Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հիմնադրման 70-ամյակը, ինչի կապակցությամբ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում կկազմակերպվեն հոբելյանական միջոցառումներ: Հ.Չեքիջյանը նշեց, որ միջոցառումների շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի գիտաժողով, ինչպես նաեւ համերգներ կկազմակերպվեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play