ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ<br />


ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ

  • 01-02-2007 15:53:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խարբերդի հատուկ մասնագիտացված մանկատունը, որտեղ ներկայումս խնամվում են 235 հաշմանդամ երեխաներ, նախատեսված է 6-18 տարեկանների համար: Սակայն, այնտեղ խնամվողներից 80-ն արդեն ավելի բարձր տարիքի են, որոնց հատուկ խնամքի կարիքը ստիպում է մնալ մանկատանը: Երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015թթ.-ի ազգային ծրագրով նախատեսված է իրականացնել Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտների խնամքի կազմակերպում մեկ այլ հաստատությունում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը, այդ նպատակով 2007թ.-ին պետբյուջեից հատկացվել է 53,5 մլն դրամ (մոտ 148,6 հազար ԱՄՆ դոլար): Նշված գումարով կվերանորոգվի Խարբերդի մանկատան չշահագործվող մասնաշենքերից մեկը: Ըստ Լ.Հայրապետյանի, նախագծային աշխատանքների իրականացման համար հայտարարվել է մրցույթ: Նշվեց նաեւ, որ հաշմանդամ երեխաների համար նախատեսված մեկ այլ մանկատուն գործում է Գյումրիյում: Այնտեղ ներկայումս խնամվում են մինչեւ 6 տարեկան 100 երեխաներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն