Ծաղկաձորում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի<br /> շուկաները կարգավորող պետմարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ<br /> նիստը<br />


Ծաղկաձորում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի
շուկաները կարգավորող պետմարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ
նիստը

  • 10-11-2009 19:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին Ծաղկաձորում երկօրյա աշխատանքը սկսեց ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, խորհուրդը քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, Խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների եւ հանձնարարականների իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման եւ ներդրողների օրինական իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների միջեւ գաղտնի տեղեկությունների փոխանակման ու օգտագործման հարցերը: Մասնակիցների կողմից ներկայացվելու են արժեթղթերի շուկաներում հաշվարկային համակարգը եւ արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմները կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակի մասին տեղեկատվություն: Խորհուրդը 2008թ.-ից նախագահող ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի արժեթղթերի շուկայի ներկա վիճակը: Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը ներկայումս իրականացնում է կենսաթոշակային բարեփոխում, եւ մտադիր է 2011թ.-ից անցնել կենսաթոշակների երկմակարդակ համակարգի: «Այս համատեքստում կուզենայի նշել, որ մենք բավականին լրջորեն ենք վերաբերվում բարեփոխման սոցիալական բաղադրիչին եւ չենք անտեսում նաեւ դրա մեծ, օժանդակող դերակատարությունը արժեթղթերի շուկայի զարգացման գործում»,- ասել է Ա.Ջավադյանը: Ըստ նրա, ներկայումս մշակման փուլում են գտնվում ներդրումային հիմնադրամների եւ կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքների նախագծերը: «Համապատասխան օրենսդրական ձեռնարկների արդյունքում մեր ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ եւ իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: Հուսով ենք, որ զարգացում կապրի նաեւ կյանքի ապահովագրության ոլորտը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ բարեփոխման արդյունքում Հայաստանի ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ: Ա.Ջավադյանը նշել է նաեւ ՀՀ ԿԲ-ի եւ «ՆԱՍԴԱՔ ՕMX»-ի 2008թ.-ից սկսված համագործակցության մասին, ինչի արդյունքում ձեռնարկվում են արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներ: Ըստ ԿԲ-ի նախագահի, հետագայում պետական սեփականության մասնավորեցումը Հայաստանում կիրականացվի «ՆԱՍԴԱՔ ՕMX Հայաստան» ֆոնդային բորսայի միջոցով: Նշվել է նաեւ, որ այս ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, եւ մոտակա ամիսներին հինգ պետական ընկերություններ բորսայի միջոցով կվերածվեն մասնավորի: ԿԲ-ի նախագահն ընդգծել է, որ առաջիկա տարում եւս կշարունակվեն 2007թ.-ից մեկնարկած բարեփոխումները, որոնք ուղղված են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը: «Այս ուղղությամբ ծավալվող գործունեությունը ներառում է շուկայի մասնակիցներին (թողարկողներ, ներդրողներ եւ մասնագիտացված անձինք) սովորեցնելու գործընթացը, ինստիտուցիոնալ ներդրողների (ներդրումային եւ կենսաթոշակային հիմնադրամներ) ձեւավորումը, տեղեկությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմների մշակումը»,- ասել է նա: Տեղեկանք. ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003թ.-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկայումս Խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Խորհրդի գործունեության հիմնական խնդիրներն են արժեթղթերի շուկաների ոլորտում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման խորացումը, արժեթղթերի շուկայի կարգավորման միջազգային չափանիշների ձեւավորման նպատակով համագործակցության ապահովումը, ԱՊՀ-ում կապիտալի շարժի հետագա ազատականացման համար պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների եւ օրինական շահերի երաշխավորված ու արդյունավետ պաշտպանության ապահովումը, արժեթղթերի շուկայում արդյունավետ վերահսկման համակարգի ստեղծումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play