Ասիական քրիստոնեական կոնֆերանսի մասնակիցներն այցելել են<br /> Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի<br />


Ասիական քրիստոնեական կոնֆերանսի մասնակիցներն այցելել են
Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի

  • 26-10-2009 18:05:00   | Հնդկաստան  |  Հասարակություն
ԿԱԼԿԱԹԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 19-ից 29-ը Կալկաթայում ընթանում են Ասիական քրիստոնեական կոնֆերանսի էկումենիկ ծրագրի 2009թ. դասընթացները` «Միասին ապրել Աստծո տան մեջ» թեմայով, որին մասնակցում են Ասիական երկրների քրիստոնեական եկեղեցիների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասիական քրիստոնեական կոնֆերանսի հրավերով առաջին անգամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից դասընթացին մասնակցում եւ Հայոց Եկեղեցին ներկայացնում էր Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրեն Ավետիս քահանա Համբարձումյանը: Ծրագիրն ընդգրկում էր նաեւ այցելություն եւ ծանոթություն տարածաշրջանի տարբեր եկեղեցիներին, այդ թվում նաեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Ինչպես հայտնում են Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանից, հոկտեմբերի 25-ին ծրագրի ղեկավարներ` դոկտ. Հոպ Ս. Անտոնի եւ դոկտ. Լոնգչար Վատիյի գլխավորությամբ, մասնակիցները այցելեցին Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` ներկա գտնվելու Սուրբ Պատարագին եւ մոտիկից ծանոթանալու Հայ եկեղեցուն: Օրվա պատարագիչն էր Տեր Ավետիս քահանան: Նախքան պատարագի սկսվելը, Տեր հայրը բարի գալուստ մաղթեց հյուրերին` նշելով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նույնպես ակտիվորեն մասնակցում եւ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էկումենիկ շարժմանը, ձգտելով առավել սերտ կապեր հաստատել քրիստոնեական քույր եկեղեցիների եւ հարանվանությունների հետ: Պատարագի ավարտին հյուրերը առիթ ունեցան նաեւ զրուցելու Հայոց Մարդասիրական ճեմարանի սաների հետ եւ ծանոթանալու նրանց առօրյային:
Նոյյան տապան  -   Հասարակություն