Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՀԽ-ի Եվրոպական<br /> տարածաշրջանային գործընկերների խմբի ժողովի մասնակիցներին<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՀԽ-ի Եվրոպական
տարածաշրջանային գործընկերների խմբի ժողովի մասնակիցներին

  • 12-10-2009 18:36:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 12-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հոկտեմբերի 12-15-ին Երեւանում անցկացվելիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Եվրոպական տարածաշրջանային գործընկերների խմբի (ԵՏԳԽ) ժողովի մասնակիցներին: Խումբը, որ երկրորդ անգամ է իր հավաքն անցկացնում Հայաստանում, կազմված է Արեւմտյան Եվրոպայի էկումենիկ գործակալություններից եւ Արեւելյան Եվրոպայի Կլոր սեղաններից: Այս տարեկան հավաքների ընթացքում քննարկվում են Եկեղեցիների սոցիալական, դիակոնիկ եւ զարգացման աշխատանքների փորձը եւ հեռանկարները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, ԵՏԳԽ-ի այս տարվա ժողովն անդրադառնալու է Արեւելյան Եվրոպայի համար մեծ կարեւորություն ունեցող մի շարք խնդիրների, ինչպես օրինակ` աղքատություն, միգրացիա, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մարդավաճառություն, ինչպես նաեւ Եվրոպական Կլոր սեղանների դերը փոփոխվող աշխարհում: Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել հերթական հավաքը Հայաստանում կազմակերպելու առիթով, ապա իր գնահատանքը փոխանցել ժողովի մասնակիցներին Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայում իրականացվող ԵՏԳԽ-ի կարեւոր առաքելության համար: Հայոց Հայրապետն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ծառայությանը սոցիալական ոլորտում, որը մշտապես ընդարձակվում է նորանոր ծրագրերով, արձանագրված հաջողություններին եւ մարտահրավերներին: Այդ ոլորտում Նորին Սրբությունը կարեւորել է նաեւ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործունեությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն