Շրջանառության մեջ դրվեցին «Հայաստանը` շախմատի համաշխարհային<br /> օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով թողարկված նամականիշերը<br />


Շրջանառության մեջ դրվեցին «Հայաստանը` շախմատի համաշխարհային
օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով թողարկված նամականիշերը

  • 29-07-2009 16:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի շախմատի կենտրոնական տանը հուլիսի 29-ին մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին «Հայաստանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով թողարկված երկու նամականիշերը: Պաշտոնական արարողությունն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատրյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշներից մեկի վրա պատկերված է 2008թ.-ին Դրեզդենում կայացած համաշխարհային օլիմպիադայում հաղթած Հայաստանի շախմատի հավաքականն ու նրա մարզիչը, իսկ մյուսի վրա` շախմատային խաղաքարեր եւ Դրեզդենի օլիմպիադայի խորհրդանիշը` հայկական դրոշի ֆոնի վրա: Նամականիշներն ունեն 70 եւ 280 դրամ անվանագին, յուրաքանչյուրը թողարկվել է 50 հազար տպաքանակով: Գ.Սարգսյանը նշեց, որ այդ նամականիշերը եւս մեկ անգամ հնարավորություն են տալիս վերհիշելու Հայաստանի հավաքականի փառապանծ հաղթանակները: «Նամականիշերը խորհրդանշում են մեր հաղթանակը եւ պատմության մեջ կմնան որպես հաղթական նամականիշեր»,- ասաց նախարարը: Ա.Խաչատրյանի խոսքերով, շախմատային թեման «Հայփոստի» թողարկած նամականիշերում միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել: «Այսպիսով ցանկանում ենք մեծարել մեր շախմատիստներին եւ նպաստել Հայաստանում շախմատային ավանդույթների շարունակմանն ու խթանմանը»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play