Աղբահանության վճարները կվերանայվեն


Աղբահանության վճարները կվերանայվեն

  • 23-06-2011 20:39:13   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 23-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրենքներում լրացումների եւ փոփոխությունների փաթեթը: Հիմնական զեկուցող, Երեւանի քաղքապետի տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո, ստացված առաջարկների հիման վրա, նախագիծը լրամշակվել է: Առաջին ընթերցումից հետո կենցաղային աղբի համար աղբահանության վճարների դրույքաչափերը մնացել են անփոփոխ. աղբահանության վճարը սահմանվում է ըստ հաշվառված անձանց քանակի տվյալ հասցեում հաշվառում ունեցող եւ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար առավելագույնը ամսական 400 դրամ (շուրջ 1.07 ԱՄՆ դոլար), կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար առավելագույնը 25 դրամ: Փոփոխվել են ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար աղբահանության վճարի չափերը. ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար առավելագույնը 3 000 դրամ, ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար առավելագույնը 10 000 դրամ: Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում է համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված ամրագրված դրույքաչափերի սահմաններում: Օրենքի անցումային դրույթների համաձայն, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, ավագանին պետք է սահմանի աղբահանության դրույքաչափերը, ընդ որում` աղբահանության վճարը հաշվարկվելու է աղբահանության դրույքաչափը սահմանելուն հաջորդող ամսվանից եւ գանձվելու օրենքով սահմանված կարգով: Ներկայումս աղբահանության վճարը գանձվում է ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի` առավելագույնը ամսական 200 դրամի չափով:
Նոյյան տապան  -   Հասարակություն