2009թ.-ի երկրորդ կեսին կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերեն
կայքը
18-03-2009 20:46:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի երկրորդ կեսին
կսկսի գործել «Մայքրոսոֆթ»-ի հայերեն վեբ-կայքը: Այս մասին մարտի
18-ի ասուլիսում հայտնեց ընկերության հայկական մասնաճյուղ
«Մայքրոսոֆթ Ար Էյ» (Microsoft RA) ընկերության տնօրեն Գրիգոր
Բարսեղյանը:
Նրա խոսքերով, նախատեսվում է, որ կայքը կունենա
microsoft.com/am հասցեն, որտեղ վերահսցեագրվելու են նաեւ
microsoft.am-ով որոնումները: «Հայերեն կայքի կարիքը մենք շատ ենք
զգում, եւ, կարծում եմ, որ մասնագիտական եւ այլ շրջանակներում այդ
կարիքը եւս կա»,-ասաց Գ.Բարսեղյանը:
Նա նաեւ հայտնեց, որ «Մայքրոսոֆթ»-ը 2009թ.-ի երկրորդ կեսին
թողարկելու է իր նոր` «Windows 7» գործառնական համակարգը, որը
պաշտոնապես կներկայացվի նաեւ Հայաստանում: Գ.Բարսեղյանը կարծիք
հայտնեց, որ «Windows 7»-ի հայերեն տեղայնացումը կիրականացվի շատ
ավելի արագ, քան «Windows Vista» եւ «Windows XP»
գործառնական համակարգերինը: