ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿԼՐԱՆԱ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԿԼՐԱՆԱ ԱՐՏԱՇԵՍ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ

  • 15-09-2006 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-ին կլրանա հայտնի լրագրող, գրող-հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի 75-ամյակը: Թեեւ պաշտոնապես այդ հոբելյանը չի նշվելու, սակայն նրա ընտանիքի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրողի կինը` Ջուլիետա Քալանթարյանը, Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը կանվանակոչվի Ա.Քալնթարյանի անունով: Իսկ նրանց որդին` Ալեքսանդր Քալանթարյանը, հրատարակության է պատրաստում «Ընտրանի» ժողովածուն, որտեղ ընդգրկված են գրողի լավագույն պատմվածքներն ու վիպակները: Ջ.Քալանթարյանի խոսքերով, Հայաստանի Գրողների միությունում երեւի չեն էլ հիշում, որ այս տարի լրանում է Քալանաթարյանի 75-ամյակը: «Գրողների միությանը պետք է հուշես, որ ինչ որ բան անեն, իսկ մենք չենք պատրաստվում այդ հարցով դիմել նրանց: Մեզ համար կարեւորը ժողովրդի սերն է: Արտաշեսի մահից անցել է 15 տարի, սակայն բոլորն էլ հիշում են նրան, նրա գործերը, ինչպես նաեւ մեծ ժողովրդականություն վայելող «Իմ տունը քո տունն է» հաղորդումը»,- նշեց Ջ.Քալանթարյանը: Ա.Քալանթարյանը աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երեւան», ինչպես նաեւ «Գրական թերթում» որպես պատասխանատու քարտուղար, այնուհետեւ խմբագրի տեղակալ: 1970-ականներից սկսած Ա.Քալանթարյանն աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում: Իր հեղինակած ֆելիետոնների պատճառով Ա.Քալանթարյանը միշտ եղել է պաշտոնյանների «ուշադրության կենտրոնում»: Գրող Հրաչյա Հովհանիիսյանը նշում է, որ «Արտաշես Քալանթարյանը երբեք չձգտեց վերեւների հետ ընկերություն անել, որպեսզի որեւէ կոչում կամ մրցանակ ստանար: Եթե նա ուզենար նրանց հետ ընկերություն անել, ապա շատ բաների հասած կլիներ»: Ա.Քալանթարյանը մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես նրա «Մարաթոն», «Իսկ դուք որտեղ էիք», «Ինչու տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն», «Քննություն» գրքերը: Գրողի մի շարք պատմվածքներ եւ վիպակներ հրատարակվել են ռուսերեն եւ բուլղարերեն լեզուներով: Ա.Քալանթարյանի գործերը բեմադրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի թատրոններում: Իսկ անցած տարի Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնում ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը բեմադրել է Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play