ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ
13-09-2006 16:20:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 22-23-ին
Զվարթնոցի տաճարում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի
համերգը` նվիրված Հայաստանի անկախության 15-ամյակին: Համերգն
անցկացվում է ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարարության, Արտգործնախարարության եւ «Հայաստան» համահայկական
հիմնադրամի աջակցությամբ: Համերգին կհնչեն Տիգրան Մանսուրյանի,
Էդվարդ Հայրապետյանի, Դավիթ Հալաջյանի ստեղագործությունները:
Նվագախմբի հրավերով համերգին կմասնակցեն ամերիկաբնակ պարուհի Աիդա
Ամիրխանյանը եւ հունական «Typana» հարվածային գործիքների համույթը:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նվագախմբի
գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, Զվարթնոցի
տաճարում կայանալիք համերգով կսկսվի նվագախմբի հոբելյանական`
10-րդ, համերգաշրջանը: Ա.Ղարաբեկյանը նշեց, որ հատուկ այս համերգի
համար արտերկրից բերվել են նոր ձայնային եւ լուսային
սարքավորումներ, իսկ Զվարթնոց տաճարում կառուցվել 1000 տեղանոց
ամֆիթատրոն: «Թեեւ Զվարթնոցի տաճարում անցկացվել են մի շարք
մշակութային միջոցառումներ, սակայն այս համերգը կտարբերվի
մյուսներից»,- նշեց Ա.Ղարաբեկյանը:
Նրա խոսքերով, դարեր շարունակ հայ ժողովուրդը երազել է
անկախության մասին: «Իհարկե, անկախության ընդունումից հետո եղել են
դժվարություններ, անցումային շրջանում ունեցել ենք շատ կորուստներ,
բայց պետք է խոհեմ լինենք եւ շարունակենք պահպանել ու զարգացնել
այն ամենը, ինչ ձեռք են բերել այս տարիներին»,- ասաց Հայաստանի
պետական կամերային նվագախմբի ղեկավարը:
Միաժամանակ նշվեց, որ չնայած համերգային բուռն
գործունեւությանը, այնուամենայնիվ նվագախումբը զրկված է
ստեղծագործելու, մասնավորապես` փորձեր աննցկացնելու, նորմալ
պայմաններից համար: Ըստ Ա.Ղարաբեկյանի, Կամերային երաժշտության տան
մերձակա այգում գործող սրճարանները` իրենց ամենօրյա աղմկալից
երաժշտությամբ, խաթարում են Կամերայինի համերգասրահի
ստեղծագործական մթնոլորտը, փորձերն ու համերգները: Ու թեեւ
նվագախմբի ղեկավարը պարբերաբար դիմում է պետական այրերին, սակայն
վիճակը չի փոխվում: Մինչդեռ, ինչպես նշեց Ա.Ղարաբեկյանը, Երեւանում
կան բազմաթիվ համերգասրահներ եւ թատրոններ, որտեղ պետական
կամերային նվագախումբը հնարավորություն կունենար նորմալ
ստեղծագործել եւ մշակութային բազմաթիվ ծրագրեր իրականացնել: