ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի<br /> ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ<br />


ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՎԻ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • 05-09-2006 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ԱրմենՏել» ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել` առաջարկելով հաջորդ տարվանից բարձրացնել ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ ծառայության սակագները: Ըստ այդմ, առաջարկվում է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդավարձը բնակչության համար ներկայիս 1100 դրամի փոխարեն սահմանել 3000 դրամ (մոտ 7,5 ԱՄՆ դոլար), իսկ գործարար բաժանորդների համար` 4800-ի փոխարեն` 4200 դրամ: Ընկերությունն առաջարկում է ներկայիս 360-ից մինչեւ 280 րոպե նվազեցնել անվճար խոսակցական րոպեների քանակը: Րոպեավճարի նվազագույն սակագինը առաջարկվում է գործող 5-ի փոխարեն սահմանել 6 դրամ: Այս սակագինը կգործի 281-րդ րոպեից մինչ 1000-րդ րոպեն: Նշենք, որ ներկայումս անվճար 360 րոպեներից հետո նվազագույն` մեկ րոպեն 5 դրամ, րոպեավճարը գործում է մինչեւ 1600-րդ րոպեն: Առավելագույն սակագինը` մեկ րոպեն 9 դրամ, առաջարկվում է թողնել անփոփոխ: «ԱրմենՏել»-ի հայտով առաջարկվում է բարձրացնել հեռախոսագծով ինտերնետից օգտվելու րոպեավարձը` գործող 1 դրամից դարձնելով 2,4 դրամ: Ըստ ներկայացված հայտի, առաջարկվում է գործող 12000-ի փոխարեն վերականգնել հեռախոսահամարների տրամադրման նախկին վարձավճարը` 24000 դրամ: Իսկ ֆիզիկական անձանց համար այն ներկայիս 14 400 դրամի փոխարեն սահմանել 28 800 դրամ: Միաժամանակ ընկերությունն առաջարկում է իջեցնել միջքաղաքային, դեպի բջջային եւ միջազգային զանգերի սակագները: Այսպես, ծանրաբեռնված ժամերին` ժամը 7-ից մինչեւ 23-ը, միջքաղաքային զանգերի սակագինը գործող 20 դրամից առաջարկվում է դարձնել 16,8 դրամ, իսկ ֆիքսված հեռախոսակապից դեպի բջջային համարներ զանգահարելու րոպեավարձի 70 դրամը` 54 դրամ: Թերբեռնված ժամերին` 23-ից մինչեւ 7-ը, միջքաղաքայինն առաջարկվում է գործող 14 դրամից դարձնել 13,2 դրամ, իսկ դեպի բջջային զանգերը` 49-ից 42 դրամ: Նշենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏել»-ի ներկայացրած հայտի վերաբերյալ որոշում պիտի կայացնի 45 օրվա ընթացքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն