ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է
31-08-2006 19:40:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ակնագործության եւ
ոսկերչության ոլորտում հայ-հնդկական համագործակցությունը կարող է
լավ արդյունքներ տալ, մանավանդ, համատեղ ձեռնարկությունների
ձեւավորման պարագայում: Այս մասին օգոստոսի 31-ին Երեւանում
Հնդկաստանի նշված ոլորտի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ
ասաց ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության
Ադամանդագործության եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ
Մկրտչյանը: Ըստ նրա, նման փորձ արդեն ձեռնարկվել է. սպասվում է, որ
մինչեւ այս տարեվերջ Երեւանում կհիմնվի ոսկերչական դիզայնի
հայ-հնդկական ինստիտուտ: Գ.Մկրտչյանը նշեց, որ ակնագործության եւ
ոսկերչության ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրությունը լավագույններից
մեկն է աշխարհում, ինչի մասին վկայում են ոլորտում կատարվող
օտարերկրյա ներդրումների ծավալները:
Միջոցառումը կազմակերպել էր Հնդկաստանի ակնագործության եւ
ոսկերչության արտահանման խթանման խորհրդի (ՀԱՈԱԽԽ)
պատվիրակությունը, որը Հայաստան է ժամանել Սանջեյ Կոթարի
գլխավորությամբ: Վերջինս համոզմունք հայտնեց, որ պատվիրակության
Ուկրաինա, Ղազախստան. Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան կատարած
այցերից հայաստանյանը կլինի ամենահաջողվածը: Ըստ Ս.Կոթարիի,
պատվիրակության կազմում են Հնդկաստանի նշված ոլորտի բոլոր
հատվածները ներկայացնող գործարարներ:
Հայաստանի Ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի
նախագահ Էմիլ Գրիգորյանի կարծիքով, Հայաստանում եւս պետք է ստեղծվի
ՀԱՈԱԽԽ-ի գործառույթներով կառույց: Նրա գնահատմամբ, Հայաստանը նաեւ
պետք է փոխառնի ոսկերչական արտադրանքի մարկեթինգի հնդկական փորձը,
որի կիրառման շնորհիվ հնդիկ գործարարներն իրենց երկրում տարեկան
իրացնում են 1000 տոննա ոսկեղեն, նույն քանակության հնդկական
ոսկեղեն իրացվում է արտերկրում: Ընդ որում, այն արտադրվում է
հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկություններում: (ՀԱՈԱԽԽ-ն
ներկայացնում է Հնդկաստանի մոտ 7000 ոսկերիչների):
Ակնագործության եւ ոսկերչության ոլորտի արտադրանքը
2004-05թթ.-ի ֆինանսական տարում կազմել է Հնդկաստանից արտահանված
արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 18%-ը: Կանխատեսվում
է, որ ոլորտի արտադրանքի արտահանման ծավալը 2005-06թթ.-ի
ֆինանսական տարում կկազմի 16,7 մլրդ դոլար: Աշխարհում ոսկերչության
մեջ օգտագործվող 12 ադամանդներից 11-ն արտադրվում են Հնդկաստանում:
Հայաստանի ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում 2005թ.-ին
արտադրվել է 220 մլն դոլարի արտադրանք: