ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է<br />


ԱԿՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է

  • 31-08-2006 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ակնագործության եւ ոսկերչության ոլորտում հայ-հնդկական համագործակցությունը կարող է լավ արդյունքներ տալ, մանավանդ, համատեղ ձեռնարկությունների ձեւավորման պարագայում: Այս մասին օգոստոսի 31-ին Երեւանում Հնդկաստանի նշված ոլորտի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ադամանդագործության եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը: Ըստ նրա, նման փորձ արդեն ձեռնարկվել է. սպասվում է, որ մինչեւ այս տարեվերջ Երեւանում կհիմնվի ոսկերչական դիզայնի հայ-հնդկական ինստիտուտ: Գ.Մկրտչյանը նշեց, որ ակնագործության եւ ոսկերչության ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրությունը լավագույններից մեկն է աշխարհում, ինչի մասին վկայում են ոլորտում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալները: Միջոցառումը կազմակերպել էր Հնդկաստանի ակնագործության եւ ոսկերչության արտահանման խթանման խորհրդի (ՀԱՈԱԽԽ) պատվիրակությունը, որը Հայաստան է ժամանել Սանջեյ Կոթարի գլխավորությամբ: Վերջինս համոզմունք հայտնեց, որ պատվիրակության Ուկրաինա, Ղազախստան. Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան կատարած այցերից հայաստանյանը կլինի ամենահաջողվածը: Ըստ Ս.Կոթարիի, պատվիրակության կազմում են Հնդկաստանի նշված ոլորտի բոլոր հատվածները ներկայացնող գործարարներ: Հայաստանի Ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանի կարծիքով, Հայաստանում եւս պետք է ստեղծվի ՀԱՈԱԽԽ-ի գործառույթներով կառույց: Նրա գնահատմամբ, Հայաստանը նաեւ պետք է փոխառնի ոսկերչական արտադրանքի մարկեթինգի հնդկական փորձը, որի կիրառման շնորհիվ հնդիկ գործարարներն իրենց երկրում տարեկան իրացնում են 1000 տոննա ոսկեղեն, նույն քանակության հնդկական ոսկեղեն իրացվում է արտերկրում: Ընդ որում, այն արտադրվում է հիմնականում փոքր եւ միջին ձեռնարկություններում: (ՀԱՈԱԽԽ-ն ներկայացնում է Հնդկաստանի մոտ 7000 ոսկերիչների): Ակնագործության եւ ոսկերչության ոլորտի արտադրանքը 2004-05թթ.-ի ֆինանսական տարում կազմել է Հնդկաստանից արտահանված արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 18%-ը: Կանխատեսվում է, որ ոլորտի արտադրանքի արտահանման ծավալը 2005-06թթ.-ի ֆինանսական տարում կկազմի 16,7 մլրդ դոլար: Աշխարհում ոսկերչության մեջ օգտագործվող 12 ադամանդներից 11-ն արտադրվում են Հնդկաստանում: Հայաստանի ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում 2005թ.-ին արտադրվել է 220 մլն դոլարի արտադրանք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն