ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ 0,25 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է<br /> ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴՐՈՒՅՔԸ<br />


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ 0,25 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է
ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴՐՈՒՅՔԸ

  • 01-08-2006 21:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 31-ի նիստում 0,25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը` սահմանելով այն 4,25%: Այս քայլը ներկայացվել է որպես սպասվող գնաճային ռիսկերի չեզոքացման միջոց: Սա երկրորդ նման փոփոխությունն է այս տարի այն բանից հետո, երբ հունվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3,5%-ից բարձրացվեց մինչեւ 4%: Ըստ ԿԲ-ի Խորհրդի, տնտեսության զարգացման միտումների շարունակման պարագայում լիովին իրատեսական է երկնիշ տնտեսական աճի արձանագրումը, սակայն գնաճի նպատակային ցուցանիշի (3 տոկոս) խախտման ռիսկերը պահպանվում են «եւ դրանց դրսեւորումը դառնում է ավելի հավանական»: ՀՀ ԿԲ-ից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում նշվում է, որ դեռեւս առկա են հումքային ապրանքների, մասնավորապես նավթամթերքների եւ մետաղների, միջազգային գների սպասվածից բարձր աճի ռիսկեր, որոնք հիմնականում պայմանավորված են ԱՄՆ դոլարի հնարավոր արժեզրկմամբ եւ աշխարհաքաղաքական իրադրության սրմամբ: Հավանական է նաեւ ՀՀ ներմուծվող հացահատիկի գների աճ` կապված Ռուսաստանում եւ Ուկրաինայում բերքի սպասվող նվազման հետ: Գնաճի նպատակային ցուցանիշի գերազանցման ռիսկեր կարող է առաջացնել նախատեսվածից ավելի արագ աճող շինարարության եւ ծառայությունների ոլորտներին բնորոշ եկամուտների առավել հավասարաչափ ավելացումը: Գնաճին կարող են նպաստել նաեւ մինչեւ տարեվերջ սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերը, ինչը կդրսեւորվի արդեն 2007թ.-ի առաջին կեսին: Մեկ այլ գործոն է 2006թ.-ի հուլիսի 1-ից ջրի մատակարարման եւ ջրահեռացման սակագների ավելացումը: Հետեւաբար, ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսներին տոկոսադրույքների կրկին ճշգրտման իրականացումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն