ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԷՐՄԻՏԱԺԻ<br /> ԱՅԳՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԾԻՐԱՆԻ ՓԱՌԱՏՈՆ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԷՐՄԻՏԱԺԻ
ԱՅԳՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԾԻՐԱՆԻ ՓԱՌԱՏՈՆ

  • 07-06-2006 19:47:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակում Մոսկվայի Էրմիտաժի այգում հուլիսի 9-ին կբացվի Ծիրանի փառատոն, որի ընթացքում կկազմակերպվի հայկական ծիրանի հյուրասիրություն, ինչպես նաեւ կանցկացվի ծիրանափողի` դուդուկի համերգ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ Ռուսաստանում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ: Հուլիս եւ օգոստոս ամիսներին Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում կբացվի մանկական նկարների ցուցահանդես` Աստվածաշնչյան եւ «Սասնա ծռեր» էպոսի թեմաներով, ինչպես նաեւ կներկայացվի Մոսկվայի ժամանակակից հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Սանկտ Պետերբուրգում «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակում հունիսի կեսերին կկայանան «Հովեր» երգչախմբի, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի համերգները: Սեպտեմբերին Մոսկվայում կկազմակերպվեն հայկական թատրոնի օրեր, որոնց կմասնակցեն Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական եւ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոնները: Բացի մշակութային միջոցառումներից, Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակում կանցկացվեն նաեւ կրթական, տնտեսական եւ այլ ոլորտի միջոցառումներ: Նոյեմբերին կամ դեկտեմբերին, ըստ Վ. Սարգսյանի, տեղի կունենա Ռուսաստանում Հայաստանի տարվա հանդիսավոր փակման արարողությունը, որը հավանաբար կանցկացվի Սանկտ Պետերբուրգի պալատներից մեկում: «Այս միջոցառումները կարեւոր են այնքանով, որ հատկապես երիտասարդ սերնդի ռուս ներկայացուցիչները հնարավորություն են ունենում ծանոթանալ հայկական մշակույթին եւ պատկերացում կազմում հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի մասին»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play