«ԴԵՂԻՆ ԹՌՉՈՒՆ»-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ<br /> ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՆԴԿԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ<br />


«ԴԵՂԻՆ ԹՌՉՈՒՆ»-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՆԴԿԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

  • 25-05-2006 17:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել ձեր երկրում: Այստեղ մարդիկ ջերմ են եւ հյուրընկալ: Ուրախ եմ, որ գտնվում եմ հեռավոր ու հյուրընկալ Հայաստանում»,- հայտարարեց «Դեղին թռչուն» ապաչիների պարային խմբի ղեկավար Քենեթ Դունկանը մայիսի 25-ին Երեւանում կայացած ասուլիսին: Քենեթ Դունկանի խոսքերով, «Դեղին թռչուն» պարային խումբը կարելի է համարել նաեւ ընտանեկան խումբ, քանի որ նրանում ընդգրկված են իր կինը, դուստրը եւ յոթ որդիները: Իսկ խմբի անվանումն իր կնոջ օրիորդական ցեղի անվանումն է: 20 տարվա ստեղծագործական պատմություն ունեցող ապաչիական այս խմբում բացի ընտանիքի անդամներից հանդես են գալիս նաեւ այլ ցեղերի ապաչիներ: Ըստ Քենեթ Դունկանի, պարային խմբի առաջնային առաքելությունն է պահպանել ամերիկյան հնդիկների ավանդույթները եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Նա նշեց, որ բացի պարային համարներից իրենց խումբը ներկայացնում է նաեւ հինավուրց պատմություններ եւ ցուցադրություններ այդ թեմաներով: Դունկանի խոսքերով, որպես ամերիկացի բնիկների պարային խումբ` իրենք երաժշտական եւ պարային համարների միջոցով են ներկայացնում բնության տարբեր երեւույթները: Իսկ մշակույթը, ըստ նրա, կարեւոր է նրանով, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա, թե «որտեղից է գալիս եւ ուր է գնում»: Բացի համերգային առաքելությունից, խումբը աշխարհի տարբեր երկրներում կառուցում է ապաչիական գյուղեր եւ ավաններ` իրենց նախնիների ավանդույթների համաձայն: Դունկանի որդիներից մեկը ներկայացրեց իր երաժշտական գործիքը` ամերիկյան բնիկներին պատկանող սրինգը, որով եւ կատարեց մի հետաքրքիր երաժշտական համար. երբ տղան որոշում է սիրահետել աղջկան, սկսում է սրինգ նվագել եւ այն չորրորդ կատարումից հետո ուղղում է դեպի ընտրած աղջիկը: Ինչ վերաբերում է ժամանակակից տեխնիկայի եւ ապաչիական ավանդույթների մեկտեղման խնդրին, ապա, Քենեթ Դունկանի խոսքերով, իրենք ապրում եւ ստեղծագործում են` օգտագործելով երկու տարբերակներն էլ. օրինակ, «երբ գալիս է, ասենք, երիտասարդ աղջիկների արբունքի շրջանը, ամբողջ ցեղը բարձրանում է լեռները եւ կատարում ավանդական ծիսակատարություններ»: Իսկ մնացած դեպքերում, իհարկե, օգտվում են նաեւ տեխնիկայի միջոցներից: Այսօր ԱՄՆ-ում ապրում են 50 հազար ապաչիներ, որոնք սուվերեն կարգավիճակ ունեն այնտեղ: «Դեղին թռչուն» խումբն այս տարիների ընթացքում համերգային շրջագայություններ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանյան հյուրախաղերից անմիջապես հետո նրանք պետք է մեկնեն Անգլիա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play