ԱՐՏԱՇԱՏԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ Է<br />


ԱՐՏԱՇԱՏԻ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ Է

  • 18-05-2006 21:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԱՐՏԱՇԱՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արտաշատի «Մանկան մոլորակ» տիկնիկային թատրոնը երկու տարեկան է: Կարճ կենսագրության ընթացքում, սակայն, թատրոնը հասցրել է տալ 200 ներկայացում, որոնք դիտել են ոչ միայն Արարատի, այլեւ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի երեխաները: Խաղացանկն ընտրելիս թատրոնի գեղարվեստական ղեկավար Քաջիկ Ավետիսյանը, դերասանուհիներ Լուսինե Գրիգորյանը, Աիդա Ալեքսանյանը, Սեդա Բաբայանը նախապատվությունը տալիս են հայ գրողների մանկական ստեղծագործություններին` ընդգրկելով նաեւ այլ ժողովուրդների մանկագիրների գործերը: Երեխաների շրջանում մեծ ընդունելություն են գտնում «Չարի վերջը», «Ոսկու կարասը», «Թագավորն ու չարչին», «Կիկոսի մահը», «Ագահ մարդը», «Երեք խոզուկները», «Կարմիր գլխարկը» եւ այլ հեքիաթների բեմադրությունները: Տիկնիկային թատրոնն արդեն ստեղծագործական կապերի մեջ է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի, Երվանդ Մանարյանի ղեկավարած «Ագուլիս» թատրոնի եւ խամաճիկների թատրոնի հետ: Արտաշատի տիկնիկային թատրոնը Տիկնիկագործների համահայկական փառատոնում արժանացել է դափնիների եւ բնագավառի ճանաչված մասնագետների դրվատանքին: Շուտով կբեմադրվեն «Ոսկե ձկնիկը», «Օձ կինը» եւ «Քաջ Նազար»-ի փոքր-ինչ փոփոխված տարբերակ «Վախկոտ Ղազարը» պիեսները: Ծրագրված են հյուրախաղեր հարեւան մարզերում, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play