ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ<br /> ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ
ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 13-02-2006 16:10:00   | Եգիպտոս  |  Մշակույթ
ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 5-ին Ալեքսանդրիայի գրադարանի ամենամեծ ընթերցասրահում պաշտոնապես բացվել է Երեւանի Մատենադարանից բերված հայկական միջնադարյան անտիպ ձեռագրերի եւ մանրանկարների ֆաքսիմիլային ու ձեռատիպ պատճենների ցուցահանդեսը` նվիրված Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը Ալեքսանդրիայի գրադարանի գործադիր տնօրեն, դեսպան Տահեր ԽալիՖան եւ Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Կարապետյանը բարձր գնահատական են տվել միջոցառմանն ու հայ-եգիպտական պատմամշակութային եւ գիտական կապերի հարուստ ժառանգությանը: Ալեքսանդրիայի գրադարանի տնօրենը մասնավորապես ընդգծել է նման միջոցառման բացառիկությունը: Հիշատակվել են 4-րդ դարի վերջում հայ գրերի ստեղծման ուղղությամբ Մ. Մաշտոցի Ալեքսանդրիայում կատարած հետազոտությունները: Այնուհետեւ Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւշատյանը եւ Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Տահեր Խալիֆան համաձայնագիր են ստորագրել Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) եւ Ալեքսանդրիայի գրադարանի միջեւ համագործակցության մասին: Ցուցահանդեսին ներկա էին Եգիպտոսի քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների, դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այցելուներն առիթ են ունեցել նաեւ ունկնդրել հայկական դասական երաժշտություն` Կահիրեի օպերայի երաժիշտների կատարմամբ: Ցուցահանդեսի շրջանակում փետրվարի 9-ին Ալեքսանդրիայի «Auditorium» սրահում տեղի է ունեցել «Հայ-եգիպտական պատմամշակութային առնչությունները» խորագրով հայ եւ եգիպտացի մասնագետների համատեղ գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում ընթերցվել են զեկուցումներ` Հայաստանում Եգիպտոսի պատմությանն ու մշակույթին նվիրված ուսումնասիրությունների, հայ-եգիպտական գիտական ու մշակութային առնչությունների, ինչպես նաեւ Մեսրոպյան գրերի գյուտի ստեղծման պատմության մասին: Այդ զեկուցումները Հայաստանի դեսպանության ջանքերով կհրատարակվեն առանձին գրքույկով: Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպված հայկական օրերի անցկացման կապակցությամբ Եգիպտոս էր ժամանել Հայաստանի մտավորականության ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում էին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Սեն Արեւշատյանը, փոխտնօրեններ Վարդան Գրիգորյանը եւ Գեւորգ Վարդանյանը, «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի նախագահ Արշակ Բանուչյանը, ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը եւ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը: Առաջին անգամ էր կազմակերպվում հայ գիտնականների նման բարձր մակարդակի պատվիրակության այց Եգիպտոս: Որպես համագործակցության առաջին քայլ Մատենադարանը Ալեքսանդրիայի գրադարանին է նվիրաբերել հայկական միջնադարյան անտիպ ձեռագրերի եւ մանրանկարների շուրջ 11 ֆաքսիմիլային պատճեններ: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 25-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play