«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ<br /> ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ

  • 20-06-2005 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում հուլիսի 12-17-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային երկրորդ կինոփառատոնի օրերին կանցկացվի «Կինոն` որպես միջմշակութային երկխոսության միջոց» տարածաշրջանային սեմինար, որը միտված է լինելու տարածաշրջանի ժողովուրդների մշակութային կապերի վերականգնմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը, այսօր Հայաստանում հանրության 90 տոկոսն աղոտ պատկերացում ունեն հարեւան երկրներում կինոգործունեության եւ ընդհանրապես նրանց մշակութային կյանքում տեղի ունեցող գործընթացների մասին: Այդ իրավիճակը ոչ միայն տանում է մշակութային մեկուսացման, այլեւ ունենում է անցանկալի քաղաքական-հասարակական հետեւանքներ: «Հարեւանին հասկանալու նախապայմանը նրան ճանաչելն է: Այդ առումով կինոն այլ ազգության, այլ կրոնի, այլ ապրելակերպի մարդկանց հասկանալու եւ նրանց կարեկցելու անսահման հնարավորություններ ունի»,- ընդգծեց Ս. Հարությունյանը: Սեմինարին կմասնակցեն մշակույթի եւ կինոյի գործիչներ, լրագրողներ Իրանից, Աֆղանստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ այլ երկրներից:
Նոյյան տապան  -   Մշակույթ