ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ «ՀԱՅՖԻԼՄ»<br /> ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾԵԼ «ՓՈՔՐԻԿ ՀՈԼԻՎՈՒԴԻ»<br />


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ «ՀԱՅՖԻԼՄ»
ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾԵԼ «ՓՈՔՐԻԿ ՀՈԼԻՎՈՒԴԻ»

  • 03-02-2005 19:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցման համար ՀՀ կառավարությանը հայտ է ներկայացրել սփյուռքահայ գործարար, «Vision Quest Production» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց գործարարը, կինոստուդիան` 40 հեկտար հողատարածքով, գնելու նպատակով ինքն առաջարկում է 1,5 մլն դոլար եւ 100 մլն դոլարի ներդրում: Եթե ՀՀ կառավարությունն ընդունի ներկայացված նախագիծը, ապա նոր կինոստուդիայի շինաշխատնքները կսկսվեն հաջորդ տարի եւ կտեւեն 5 տարի: Ըստ Խաչիկյանի ներկայացրած նախագծի, կինոստուդիան կկառուցվի նոր տեխնոլոգիաներով եւ կվերազինվի ժամանակակից սարքավորումներով: Կինոստուդիայում կկառուցվեն 10 նկարահանման շենքեր` 1800 քմ մինչեւ 2500 քմ մակերեսով, առեւտրի կենտրոն, հյուրանոց, ինչպես նաեւ կբացվի ծառուղի, որտեղ կտեղադրվեն հայկական կինոյի մեծերի կիսանդրիները: Գործելու է նաեւ Կինոյի դպրոց, ուր վարպետանալու են Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի շրջանավարտները. դպրոցը կհամագործակցի ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Եվրոպայի առաջատար կինոդպրոցների հետ: Ինչ վերաբերում է «Հայֆիլմի» տնօրինության տակ գտնվող ֆիլմադարանին, ապա, ըստ Խ. Խաչիկյանի, այն կպահպանվի եւ կթվայնացվի: «Իմ նպատակն է Հայաստանում զարգացնել կինոարվեստը եւ հայ ռեժիսորներին հնարավորություն տալ նկարահանել եվրոպական չափնիշներին համապատասխանող ֆիլմեր»,- նշեց Խաչիկյանը: Նա բարձր է գնահատում հայ ռեժիսորներ Վիգեն Չալդրանյանի, Ալբերտ Մկրտչյանի. Արման Մանարյանի ֆիլմերը: «Նայելով նրանց նկարահանած ֆիլմերը` զարմանում եմ, թե ինչպես են կարողանում այդքան փոքր բյուջեով նման կինոնկարներ նկարահանել: Համոզված եմ, որ եթե նրանք ունենան նորմալ կինոստուդիա, ապա հայկական ֆիլմերը կհասնեն միջազգային ճանաչման»,- ընդգծեց սփյուռքահայ գործարարը: Նա ակնկալում է, որ վերազինումից հետո «Հայֆիլմը» կինոստուդիայում տարեկան 5-6 հայկական ֆիլմեր կնկարահանվեն, իսկ «Հայֆիլմը» կդառանա տարածաշրջանում միակ կինոստուդիան, ուր ֆիլմեր նկարահանելու նպատակով կհրավիրվեն արտասահմանյան հայտնի կինոռեժիսորներ: Խ. Խաչիկյանը նշեց նաեւ, որ կինոստուդիան ունենալու է 2500-3000 աշխատակից: «Իմ նպատակն է Հայաստանը վերածել փոքրիկ Հոլիվուդի: Ես սիրում եմ հայկական ֆիլմերը եւ համոզված եմ, որ հայ ռեժիսորները կշարունակեն նոր թափով, նոր ուժով նկարահանել «Պեպո»-ի, «Պատվի համար»-ի, «Մենք ենք, մեր սարեր»-ի նման ֆիլմեր»,- ընդգծեց Խաչիկ Խաչիկյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ