ՇԱԽՄԱՏԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ-ՄՐՑԱՇԱՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ-ՄՐՑԱՇԱՐԸ ԱՎԱՐՏՎԵՑ

  • 23-12-2004 20:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 23-ին անցկացվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված ինտերնետային մրցախաղ-մրցաշարի վերջին` 6-րդ մրցափուլը: Հայաստանի հավաքականը կրկին անհաջողության մատնվեց` 1.5-2.5 հաշվով զիջելով Ֆրանսիայի թիմին: Պարտություններ կրեցին Սմբատ Լպուտյանն ու Գաբրիել Սարգսյանը` համապատասխանաբար Լորան Ֆրեսինեից եւ Քրիստիան Բաուերից, Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ժոել Լոթիեի հետ, եւ միայն Արտաշես Մինասյանը կարողացավ պարտության մատնել իր մրցակից Իգոր Նատաֆին: Մրցափուլի մյուս հանդիպումը` Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականների միջեւ, ավարտվեց ոչ-ոքի` 2-2: Այսպիսով, շախմատային այս աննախադեպ մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի հավաքականը, որը 24 հնարավորից վաստակեց 14 միավոր: Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները 13-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը (2-րդը ճանաչվեցին ֆրանսիացիները, քանի որ ավելի շատ հաղթանակներ էին տարել): Հայաստանի շախմատիստներն իրենց հնարավորություններից զգալիորեն ցածր հանդես եկան. վաստակելով 8 միավոր` նրանք գրավեցին վերջին` 4-րդ տեղը: Մրցումների ավարտից հետո Երեւանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, որտեղ իրենց խաղերն էին անցկացնում Հայաստանի հավաքականի անդամները, տեղի ունեցավ փակման հանդիսավոր արարողությունը: Ելույթ ունեցան Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհանիսյանը, մրցախաղ-մրցաշարի հայաստանյան մրցավար Պենգը (Չինաստան) եւ մրցումների նախաձեռնողն ու կազմակերպիչը` Հայաստանի «Չեսս» ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play