Անահիտ Բախշյանի հիշեցում-նամակը Երեւանի քաղաքապետին


Անահիտ Բախշյանի հիշեցում-նամակը Երեւանի քաղաքապետին

  • 19-08-2011 19:30:06   | Հայաստան  |  Հասարակություն
19 օգոստոսի 2011թ., ք. Երեւան: ԱԺ «Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հիշեցում-նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին, որը ներկայացնում ենք ստորեւ: «Հարգելի պարոն Կարապետյան, Քաղաքի տեսքով մտահոգված ու Երեւանը իսկապես քաղաքամայր տեսնելու լավագույն մղումներով Երեւանի տարբեր հատվածներում նախաձեռնել եք կրպակների ապամոնտաժման գործընթաց, որը կարող է վերածվել սոցիալական բունտի, քանի որ այն վերաբերելու է մոտ 1000 ընտանիքի: Ընդամենը 3 ամիս առաջ, երբ Ձեր հրապարակային ելույթների մեծ մասը վերաբերում էր կանաչ տարածքների պահպանմանը, մեր քաղաքացիները «Հրապարակ» թերթի միջոցով բողոքում էին այն մասին, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի Խուդյակով փողոցի վրա գտնվող փոստի շենքի ու մայթի միջեւ գտնվող կանաչ տարածքում շինարարություն է իրականացվում: Անձամբ գնացել եմ նշյալ հասցեն ու համոզվել, որ սեփականության իրավունքով տրված հողամասը նախ կենտրոնական փողոցի վրա է եւ գազոնի շարունակություն, կանաչ տարածք, որը գրավելու մասին տեղի բնակիչները բողոքում էին, իսկ Դուք ինչպես միշտ աներեր եղաք: Ուզում եմ բարեկամաբար հրապարակայնորեն Ձեզ հիշեցնել ոչ հեռու անցյալում, սույն թվականի ապրիլի 5-ին Ձեզ ուղղված նամակիս մասին, որի բովանդակությունը վերաբերում էր վերոնշյալ հասցեում գտնվող փոստի շենքի ու մայթի միջեւ գտնվող կանաչ տարածքում իրականացվող շինարարության վերաբերյալ քաղաքացիների ահազանգին: Ի պատասխան, ապրիլի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակով հայտնել էիք, որ Խուդյակով փողոցի հ. 161/2 հասցեում գտնվող հողամասը 2010 թվականի դեկտեմբերի 28-ին, այսինքն Ձեր օրոք ու ստորագրությամբ, սեփականության իրավունքով տրվել է քաղաքացի Անդրանիկ Վարդանյանին` նշյալ հասցեում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար: Նամակում ասված էր նաեւ, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից 12.03.2011թ. շինարարության թույլտվության պահանջներին համապատասխան եւ համաձայնեցված նախագծով: Կրկին բարեկամաբար հարցնում եմ, կրպակներն ապամոնտաժելու մասին հրապարակայնորեն համոզված խոսելիս, հիշո՞ւմ եք արդյոք, թե Ձեր օրոք, Ձեր ստորագրությամբ կանաչ տարածքներում շինարարության քանի՞ թույլտվություն եք տվել: Գոնե այս մեկը հիշեցնում եմ: Անահիտ Բախշյան «Ժառանգություն» խմբակցության պատգամավորե»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play