ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

  • 21-12-2007 17:15:00   | Հայաստան  |  Վերլուծություն
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն (զեկույց, որն ընթերցվել է դեկտեմբերի 19-20-ը «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի վեր Հայաստանի ղեկավարությունն սկզբունքորեն անտեսում է Հայկական հարցի գոյությունը, չի գիտակցում այդ հարցի բուն էությունը, հավատում է այն շրջանցելու հնարավորությանը, մինչդեռ Հայկական հարցը չեն մոռանում Հայաստանի ռազմավարական ախոյանները` Թուրքիան եւ Ադրբեջանը; Մանրամասնենք, նախ պատասխանելով հետեւյալ հարցին: Կա՞ արդյոք այսօրվա դրությամբ Հայկական հարց եւ ո՞րն է այն: Հայկական հարցի էությունն անցյալում էլ, այժմ էլ նույնն է. հայ ժողովրդի իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում անկախ եւ ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծում: Հայկական հարցի լուծումը կարող է լինել միայն մեկը` հայոց լիարժեք պետականության վերականգնում պատմական Հայաստանի առնվազն այնպիսի ընդարձակ մի հողատարածքում, որտեղ հայոց քաղաքակրթության երկարատեւ անվտանգ գոյությունը երաշխավորված կլինի: Այլ կերպ ասած` Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում, երկրորդ` այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող հողային երաշխիքներ: Ընդ որում` մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո'չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատեւել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29.800 քառ. կմ խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո'չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի հայ ժողովրդի գոյությունն առհասարակ: Այսպիսով, Հայկական հարցի լուծումն ամենեւին էլ հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ, ինչպես թյուրիմացաբար կարծում են շատերը, եւ ինչպես տարածում են հայերի կեղծ բարեկամները: Հայկական հարցը, ամենից առաջ, հողային հարց է: Ինչպիսի՞ն է, սակայն, Հայկական հարցի վիճակը ներկայումս: Հայ ազգի եւ հայկական քաղաքակրթության գոյությունը վտանգված էին նախկինում, վտանգված են եւ այսօր, որովհետեւ չլուծված է մնում տարածքային` հողային խնդիրը: Հետխորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դարձյալ հայտնվել է «լինե՞լ, թե՞ չլինել»-ի դրության մեջ: Խորհրդային կայսրության փլուզման գործընթացին զուգընթաց, հայության դեմ Թուրքիայի եւ նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանի ծավալապաշտական բացահայտ նկրտումներն ու վայրագ գործողությունները եւս մեկ անգամ վտանգում են արդի Հայաստանի ֆիզիկական գոյությունը: Վերջին մեկուկես տասնամյակի անկախ գոյության փորձը փաստել է, որ Հայաստանը կարողացել է գոյատեւել` 42.000 քառ. կիլոմետրանոց բնական որոշակի սահմաններ ունեցող տարածքի վրա վերահսկողություն հաստատելու շնորհիվ միայն, ներառելով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը` ազատագրված տարածքներով հանդերձ: Սա' է Հայաստանի անվտանգությունն ապահովող այն նվազագույն հողակտորը, որից պակաս տարածքում հայոց պետականության գոյությունն այլեւս կարող է անհնարին լինել: Սա է այն նվազագույն հողակտորը, որն ապահովում է Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ու միջազգային ուժերի քաղաքական, ռազմական, հոգեբանական ու աշխարհաքաղաքական շահերի բախումներում եւ փոխազդեցություններում: Միեւնույն ժամանակ, ամենեւին չի բացառվում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի անհաշտ քաղաքականությունը եւ վերջինիս կողմից պատերազմի հավանական սանձազերծումը Հայաստանին այլ ելք չթողնեն, քան է'լ ավելի ընդլայնելու հայոց ռազմաքաղաքական իշխանությունը հայրենիքի բռնազավթված տարածքների վրա, ընդհուպ մինչեւ այն կետը, երբ թշնամին այլեւս կդադարեցնի սպառնալն ու կհաշտվի հայերի` իրենց հայրենի հողի վրա պետություն ունենալու իրողության հետ: Գալով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, պետք է նկատել, որ այդ քաղաքականության հիմնադրույթները ձեւավորվել են դեռեւս 1990-ական թթ. սկզբին եւ, հակառակ ընդունված տեսակետի, հետագայում լուրջ վերանայման ու փոփոխության, ըստ էության, չեն ենթարկվել: Այս իմ հայտարարությանն անմիջապես կառարկեն ե'ւ նախկին` ՀՀՇ-ական, ե'ւ ներկա իշխանությունների ներկայացուցիչները, երկուսն էլ մեջբերելով, նախ եւ առաջ, այն հայտնի փաստը, որ 1998 թ.-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր օրակարգում է ներառել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը (այդ ուղղությամբ տարված աշխատանքի արդյունավետությունն այլ խնդիր է): Այնուհետեւ ներկա իշխանությունների ներկայացուցիչներն ուշադրություն կհրավիրեն նաեւ մեկ այլ փաստի վրա, որ իրենք, ի տարբերություն նախկինների, սկզբունքորեն դեմ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի անգամ ձեւական ենթակայության տակ դնելուն: Ճշմարտացի լինելով հանդերձ, այս տարբերությունները ի վիճակի չեն փոխելու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղվածությունն ու բովանդակությունը, որովհետեւ մանրուք են ի դեմս շատ ավելի ծանրակշիռ այն նմանությունների, որոնք Հայաստանի առաջին նախագահի որդեգրած ուղուց թափանցել են երկրորդ նախագահի վարած քաղաքականության մեջ: Արդարեւ, ՀՀ արտաքին քաղաքականության հիմքերը դրվել են 1990-ական թթ. սկզբին խորապես սխալ, եթե չասենք երեւութային հիմքերի վրա: Դա մի ժամանակշրջան էր, երբ Հայաստանի ղեկավարությունը, մի կողմից, տրվելով Արեւմուտքից ներշնչված հեքիաթային երազանքներին, մյուս կողմից, միջազգային հարաբերությունների եւ ազգային անվտանգության հարցերում պատրաստվածության ահռելի պակաս ունենալով. աչք էր փակում տեսանելի հեռանկարում հայ-թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի անհամատեղելիության վրա. պատմության դերակատարումը քաղաքականության մեջ համարում էր անախրոնիզմ` անարժեք մի մնացուկ. արեւմտյան զարգացած պետություններին միամտորեն ընդունում էր որպես անաչառ միջնորդ եւ անվտանգության ամենակարող երաշխավոր. միջազգային քաղաքական համակարգի զարգացումն ընկալում էր դեպի «համընդհանուր բարօրություն եւ ազատություն» տանող միագիծ ու վերընթաց մի շարժում. իբրեւ արդյունք, Արցախի եւ ազատագրված տարածքի հիմնախնդիրը դիտում էր Հայկական հարցից կտրված ու մեկուսացված: Այս թերությունները մինչեւ այսօր էլ, ցավոք, լիովին չեն հաղթահարվել: Թվենք նախորդ վարչակարգից Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին քաղաքականության մեջ ժառանգաբար փոխանցված վճռորոշ ուղղությունները. 1990-ական թթ. ի վեր ՀՀ արտաքին քաղաքականությունն անտեսում է Հայկական հարցի գոյությունն ու էությունը` նրա հողային բնույթը, համարելով, որ անկախ Հայաստանը կարող է գոյատեւել նախկին ՀԽՍՀ 29 800 քառ. կմ-անոց տարածքում կամ, առավելաբար, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ միասին: Հայաստանի ե'ւ առաջին, ե'ւ երկրորդ նախագահներն ու նրանց վարչակարգերը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս ընկած Հայաստանի ազատագրված տարածքը, բացառությամբ Լաչինի միջանցքի, հրապարակավ հայտարարել են զիջման ենթակա: Հայաստանի ցեղասպանված արեւմտյան մասը լիակատար մոռացության է մատնվել` այն աստիճան, որ անկախ Հայաստանի դեսպանները կարող են մեր հայրենիքի այդ կորուսյալ տարածքն արդեն կոչել թուրքական տերմինաբանությամբ` Անատոլիա: Պետական մակարդակով կամ պետության պատվերով երբեւէ քննարկումներ եւ իրավաքաղաքական եւ միջազգայնագիտական վերլուծություններ չեն իրականացվել հողային, նյութական, իրավաքաղաքական, մշակութային կամ ռազմավարական կշիռ ունեցող այլ կարգի փոխհատուցումների մասին: Արեւմտյան Հայաստանի հարցը պետական մակարդակում վաղուց դարձել է արգելված թեմա, որը եւ իր արտացոլումն է գտել այս տարվա փետրվարին ընդունված «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» ամուլ փաստաթղթի մեջ: ՀՀ-ն այն ժամանակ էլ, այսօր էլ պատրաստակամություն է հայտնում առանց նախապայմանների Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: ՀՀ նախկին եւ նոր իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման բուռն ցանկություն են դրսեւորում` առանց տնտեսական եւ ազգային անվտանգության բնագավառում պաշտպանական մեխանիզմներ մշակելու եւ ունենալու: Սակայն կա մի բնագավառ, որտեղ ներկա իշխանությունները, որակապես զարգացրել են նախկինների ուղին. Հայաստանն, «առանց ավելորդ նախապաշարումների», համաձայնել է ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող զանազան միջոցառումներում Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցության եւ թուրք զինվորականներն էլ Հայաստանի Հանրապետության հողում հպարտորեն բարձրացրել են իրենց դրոշը, իսկ հայ պաշտոնյաները հոտնկայս ունկնդրել են թուրքական հիմնը: Սա համաշխարհային պրակտիկայում նմանատիպը չունեցող մի անհեթեթություն է: Համատեղ զինավարժությունները հնարավոր են միայն այն պետությունների միջեւ, որոնք ունեն դաշնակցային, բարիդրացիական կամ առնվազն սուր հակասություններից զերծ, ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը ձեւավորվող հարաբերություններ: Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունները ո'չ դաշնակցային են, ո'չ բարիդրացիական, ո'չ էլ զարգանում են ընդհանուր ռազմավարական շահերի շուրջը: Նմանատիպ «համագործակցությունները» (թեկուզ եւ բազմազգ ուժերի կազմում) հարված են հասցնում հայ ժողովրդի աշխարհաքաղաքական դիրքորոշումների ամբողջ համակարգին, ազգային ոգուն եւ արժանապատվությանը: Դրանք կարող են ընդամենը բթացնել հայ զինվորականի զգոնությունը եւ ապակողմնորոշել ոչ միայն հայ, այլեւ միջազգային հանրությունը, այդպիսով դուռ բացելով հայերի դեմ ծրագրված նոր գազանությունների առաջ (ինչպիսիք էին Գուրգեն Մարգարյանի եւ Հրանտ Դինքի սպանությունները): Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել պարոն վարչապետի մեկ ամիս առաջ ուսանողների հետ հանդիպումը, որտեղ նա դժգոհեց, որ ժողովրդի մեջ (մեջբերում եմ) «վտանգի զգացումը բթացել է»: Պետք է, սակայն, ընդգծենք, որ վտանգի զգացումը բթացվել է հե'նց Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անիրատես, վտանգը մոռացության մատնած քաղաքականության պատճառով: Ներկա եւ նախկին իշխանությունները բացարձակ անտարբերությամբ են վերաբերվել Հայաստանից ժողովրդի զանգվածային արտագաղթին, նրանք երբեք հայրենադարձությունը չեն դիտել իբրեւ Հայաստանի ամրապնդման ճանապարհ, այդ ուղղությամբ քարոզչական ու կազմակերպչական որեւէ աշխատանք չի տարվել, ծրագրեր չեն մշակվել: Հայաստանը մինչեւ այսօր չի հռչակվել բոլոր հայերի հայրենիք, աշխարհասփյուռ հայերին երբեք տունդարձի կոչ չի ուղղվել (փորձ չի արվել նույնիսկ ուղղելու Իրաքից հազարներով արտագաղթող հայերի ճանապարհը դեպի հայրենիք): Սփյուռքի հետ կապերի համակարգումը հայտնվել է բարձիթողի վիճակում: Ներկա եւ նախկին իշխանությունները շարունակաբար տոգորված են անհիմն լավատեսությամբ առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունները շատ շուտով, «ուր որ է» մտնելու են բնականոն զարգացման հուն: Հայաստանի դեմ միջազգային ասպարեզում տարվող թուրքական քարոզչության հանդեպ ընդունվել է կրավորական, ոչ արժանավայել կեցվածք: Որպեսզի այս հայտարարությունս մերկապարանոց չհնչի բերենք մի քանի թարմ օրինակ: 8.1. Շատ հաճախ Հայաստանի հասցեին թուրք ղեկավարության հնչեցրած մեղադրանքներն արժանի պատասխան չեն ստանում: ա) Հայաստանի արեւմտյան մասը բռնազավթած ցեղասպան Թուրքիան գրեթե ամեն օր անվանարկում է Հայաստանն իբրեւ զավթիչ (օկուպանտ): Հայաստանի իշխանությունները երբեք չեն համարձակվում պատասխանել, որ իսկական զավթիչը Թուրքիան է, որը բռագրավել է Հայաստանի բնիկ տարածքի 9/10-րդ մասը: բ) Մինչ Թուրքիան մշտապես սպառնում է Հայաստանին, Հայաստանը հայտարարում է, որ ինքը կողմ է Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելուն: գ) Ամենաթարմ օրինակներ. Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում կայացած թյուրքախոս պետությունների հավաքին հայտարարեց (մեջբերում եմ). «Պատմական գործընթացները ժամանակին կիսել են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ մեր միջեւ ընդհանուր սահման է եղել: Իսկ այսօր մեր առջեւ հսկայական հնարավորություններ են բացվել եւ մենք պետք է դրանք օգտագործենք: Վերջին 15 տարիները ցույց են տվել, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել: Մեր ապագայի ճարտարապետները հենց մենք ենք»: Այս հայտարարության առաջին մասը թուրքական հերթական վտանգավոր կեղծիք է, որը աջակցություն է հայտնում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին` ամբողջ այսօրվա Հայաստանը, ներառյալ Երեւան մայրաքաղաքը, հայտարարելու Արեւմտյան Ադրբեջան ու «պատմականորեն ադրբեջանական տարածք»: Իսկ այս հայտարարության երկրորդ մասով Էրդողանն արդեն ակնարկում է Հայաստանի ոչնչացման թուրք-ադրբեջանական ծրագրի գոյությունը: Սակայն պաշտոնական Երեւանը, ինչպես միշտ, նախընտրեց ոչինչ չլսել ու որեւէ արձագանք չտալ: Ավելին` ՀՀ վարչապետը մեկ ամիս չանցած` The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարեց` «Ես չեմ կարծում, որ նա Էրդողանը նվիրված չէ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն»: դ) Թուրքիայի վարչապետ Էրդողանը հոկտեմբերի 19-ին մի նամակ հրապարակեց արեւմտյան ամենահեղինակավոր օրաթերթերից մեկում` Wall Street Journal-ում (Recep Tayyip Erdogan, "Congress and Armenia", WSJ, October 19, 2007), որն այդպես էլ անպատասխան մնաց, այնինչ Հայաստանին հրաշալի հնարավորություն էր ընձեռվել ներկայացնելու եւ պաշտպանելու իր տեսակետները միջազգային հանրության առջեւ: Պատասխանի բացակայությունն ինքնին վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության անմշակ եւ թույլ լինելու, այդ բնագավառում աշխատանքի ցածր որակի եւ կրավորականության մասին: ե) Թուրքիան իր կազմակերպած քարոզարշավներում մշտապես կապում է ցեղասպանության ճանաչման խնդիրը տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, մեկնաբանելով այն իր շահերի տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունը երբեք չի փորձում հիշեցնել աշխարհին, որ ցեղասպանության հետեւանքները սարսափելի ներազդեցություն են գործել տարածաշրջանի անվտանգության վրա, որ ցեղասպանական քաղաքականության նորօրյա դրսեւորումները շարունակվում են Ադրբեջանի քաղաքականության մեջ եւ խրախուսվում Թուրքիայի կողմից: 8.2. Հայաստանի ղեկավարությունը, չգիտես` ինչո՞ւ, միջազգային ասպարեզում ելույթ ունենալիս, անընդհատ շեշտում է իր` Թուրքիայի համեմատ փոքր երկիր լինելը, փոխանակ շեշտելու Հայաստանի եւ Թուրքիայի պետությունների` որպես միջազգային իրավունքի սուբյեկտների, իրավահավասարությունը: 8.3. Ներքին ասպարեզում իրավիճակը շատ ավելի անմխիթար է. թրքասիրության բուռն դրսեւորումները հանդիպում են ամեն օր: Բավական է հիշել հե'նց այս օրերին Հայաստանի պետական (!) դպրոցներից մեկում «Հայաստանում Ադրբեջանի օրեր» խայտառակ ծրագիրը, որին աջակցություն է հայտնում Հայաստանի արտգործնախարար Վ. Օսկանյանը եւ որը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ առանց հանրապետության գերագույն ղեկավարության աջակցության: Սա նույնն է, եթե Սիրիայիում անցկացվեին Իսրայելի օրեր կամ Իսրայելում` Սիրիայի: Միեւնույն ժամանակ Բաքվից հնչում են ամենօրյա սպառնալիքներ: Հիշեցնեմ, որ այդ պետական խոշորագույն դպրոցի տնօրենն է հրապարակայնորեն Հայկական բանակի դեմ քարոզող եւ Արցախը Հայաստան հայրենիքի մաս չհամարող պրն. Ա. Բլեյանը: Այսպիսի արտառոց իրավիճակում Հայ Դատն իր քաղաքականություն հռչակած Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, նրա խորհրդարանական ֆրակցիան, ինչպես նաեւ այդ կուսակցության ներկայացուցիչ` կրթության նախարար պրն. Լ. Մկրտչյանը որեւէ խնդիր չեն տեսնում: Խնդիր չի տեսնում նաեւ Հանրապետական կուսակցությունը, որի նախագահ պրն. Ս. Սարգսյանն էլ ամենամյա սեպտեմբերմեկյան այցը կատարում է հե'նց պրն. Բլեյանի ղեկավարած դպրոցը: Չմոռանանք, որ Հանրապետական կուսակցությունն ինքն իրեն հայտարարել է նժդեհյան գաղափարախոսության կրող (իհարկե, Գարեգին Նժդեհը եւ ոչ մի տող չի գրել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ Հայաստանը միայն 30000 քռ կմ-ի մեջ արգելափակելու մասին): Հիշենք նաեւ, որ հանգիստը թուրքական Անթալիայում Հանրային (պետական) եւ մասնավոր հեռուստատեսություններով գովազդվում է ամբողջ տարին շարունակ: Երեկ այս ամբիոնից բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ հայտարարում էին թուրք հասարակության հետ աշխատելու անհրաժեշտության մասին, ինչը, կարծում եմ, գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Նախքան այդ, պարոնայք, բարի եղեք եւ կարողացեք աշխատել հայ հասարակության հետ, այլ ոչ թե թույլ տալ, որ հայ երեխաների ուղեղները լվացեն Ադրբեջանից ժամանած նախկին բանակայինները եւ տնաբույս թուրքասերները: Այս առումով նկատենք նաեւ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր լղոզվածության պայմաններում տեղի է ունենում կարեւոր հասկացությունների վտանգավոր նենգափոխում. թշնամի պետություն Թուրքիան անընդհատ հիշատակվում է իբրեւ «հարեւան երկիր», կարծես չկան ո'չ թուրքական շրջափակումը, ո'չ էլ թշնամական քաղաքականության մյուս դրսեւորումները: Երեկ պրն. Ա. Ռուստամյանը ափսոսանքով խոսում էր «թուրք գործընկերների» Հայաստան չժամանելու մասին: Այդ երբվանի՞ց Թալեաթին ու Էնվերին պաշտող թուրք պատգամավորները դարձան «գործընկեր»: Չմոռանանք, որ ժամանակին Գրիգոր Զոհրապն էլ էր Թալեաթին գործընկեր համարում եւ նույնիսկ վտանգի պահին պատսպարում էր նրան իր տանը: Մի քանի տարի անց նույն Թալեաթի հրամանով հայ ժողովուրդը բնաջնջվեց իր բնիկ հայրենիքում, իսկ Գրիգոր Զոհրապի գլուխը թուրքերը քարով ջախջախեցին: 8.4. Վերջապես, ոչ արժանապատիվ կեցվածքի փայլուն մի օրինակ է նաեւ այս քննարկումներին թուրք պատգամավորներ հրավիրելը: Երբեւիցե Ձեզ, տիկնայք եւ պարոնայք հայ պատգամավորներ, հրավիրե՞լ են Թուրքիայի խորհրդարան` որեւէ նմանատիպ լսումների մասնակցելու: Արդյոք ի՞նչ իմաստ ունի հրավիրել թուրք պատգամավորներին Հայաստանի խորհրդարան, այն էլ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումների, եթե նրանք չեն ճանաչում հայ ժողովրդի դեմ գործադրված մեծագույն ոճիրը` ցեղասպանությունը, այսինքն պատրաստ են կրկնելու նույնը եւս մեկ անգամ: Ի՞նչ իմաստ ունի հրավիրել նրանց, եթե նրանք չեն ճանաչում արցախահայության ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը, չեն դատապարտում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալած հակահայկական քաղաքականությունն ու ռասիստական քարոզարշավը, չեն դատապարտում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այդ պետությունների տարածքում, չեն ընդունում ցեղասպանության դիմաց փոխհատուցման որեւէ գաղափար: Կարո՞ղ եք պատկերացնել, որ, ասենք, Իսրայելը հրավիրեր սիրիացի կամ իրանցի պատգամավորներին մասնակցելու իսրայելա-սիրիական կամ իսրայելա-իրանական հարաբերությունների մասին կնեսետում կազմակերպված լսումներին: Եվ կամ հակառակը` Սիրիան կամ Իրանը նույն նպատակով հրավիրեին իսրայելցի խորհրդարանականներին իրենց մոտ կազմակերպվող լսումներին: Առհասարակ, ի՞նչ իմաստ ունի հրավիրել թշնամի պետության պատգամավորներին Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված հարցերի քննարկումներին: Խորաթափանց դիվանագիտության անվան տակ անցկացվող նմանատիպ սիրախաղերը Թուրքիայի Ադրբեջանի հետ լոկ գրգռում են նրանց ախորժակը, առաջացնում արհամարհանք եւ, ի վերջո, վատ ավարտվում հայերի համար (հիշենք թեկուզ Հայ Հեղափոխական Դաշնակցության համագործակցությունը երիտթուրքերի հետ): Ձեր հրավերն ընդունելու մերժումը ընդամենը ցույց է տալիս այդ արհամարհանքի աստիճանը: Այդ հրավերը ոչ թե դիվանագիտություն ու բարի կամքի դրսեւորում է, այլ միջազգային պրակտիկայում նախադեպը չունեցող անհեթեթություն` նոնսենս, հարգելի պատգամավորներ: Այսպիսով, 1990-ական թթ.-ից ի վեր ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ (ըստ այդմ էլ` գրեթե ողջ արտաքին քաղաքականությունը) մնացել է հիմնականում անփոփոխ: Նա չի վերանայվել 1993թ. սկսված թուրքական շրջափակման կիրառումից անմիջապես հետո, ոչ էլ այդ շրջափակման 15-ամյա ընթացքում: Այդ քաղաքականության վրա ազդեցություն չի թողել Թուրքիայի` Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ ու սադրիչ աջակցությունը` Հայաստանի դեմ պատերազմական նախապատրաստությունների գործում ու հենց պատերազմի ընթացքում: Հայաստանի այդ քաղաքականությունը չի փոփոխվել միջազգային ասպարեզում Թուրքիայի հակահայկական քարոզչության ուժգնացումից եւ տարեց-տարի առավել մեծ ու կազմակերպված թափ ստանալուց հետո: Այդ քաղաքականությունը չի վերանայվել Թուրքիայի` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 16-ամյա հրաժարման պատճառով, հրաժարում, որը բացի բացահայտ թշնամանքի դրսեւորումից, նաեւ վկայում է հայոց պետականության գաղափարն իսկ ընդունելու Թուրքիայի դժկամությունը: Այդ քաղաքականությունը չի վերանայվել թուրքական պետության առաջին դեմքերի բերանով Հայաստանի հասցեին պարբերաբար հնչեցվող սպառնալիքներից հետո: Բնականոն հարաբերություններ հաստատելու Թուրքիայի առաջադրած կանխահայտորեն անընդունելի նախապայմանները եւս ի զորու չեն եղել փոփոխելու ՀայաստանիՆ Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Նկատենք, որ տարբեր պահերի դրվել են տարբեր նախապայմաններ, այդ թվում` Արցախը հանձնել Ադրբեջանին, հրաժարվել սեփական պատմությունից, մասնավորապես ցեղասպանության թեման միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ բուն Հայաստանում արծարծելուց, պաշտոնապես վերահաստատել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, Մեղրիի միջանցքը դնել ադրբեջանական վերահսկողության տակ, հանձնել Հայաստանում երբեք ոտք չդրած Աբդուլահ Օջալանին (1999թ.), հրաժարվել Հայաստանի երբեք չունեցած միջուկային զենքից: Վաղը կարող են առաջ քաշվել բոլորովին նոր հնարովի նախապայմաններ: ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի վերանայվել նաեւ Հայաստանի եւ Քուրդիստանի Բանվորական Կուսակցության միջեւ գոյություն չունեցող կապերի մասին թուրք պաշտոնյաների սուտ եւ վտանգավոր քարոզչություն ծավալելուց հետո: Միչդեռ թուրք-ադրբեջանական ստահոդ պնդումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում Քուրդիստանի Բանվորական Կուսակցության բազաներ ունենալու մասին հող են նախապատրաստում ծրագրվող ռազմական ներխուժման համար: Հայաստանի արտգործնախարարության անհասկանալի թերացումներից է նաեւ այդ կեղծիքները պատշաճ չգնահատելը եւ միջազգային հանրության ուշադրությունը դրանց վրա չսեւեռելը: ՀՀ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ չի վերանայվել Ստամբուլում հայ լրագրողի սպանությունից հետո, սպանություն, որ, ըստ աստիճանաբար ամրապնդվող կարծիքների, կազմակերպել էին Թուրքիայի պետական մարմինները, որոնք այժմ էլ իրականացնում են սպանության հետքերը սքողելու փորձեր` ընդհուպ մինչեւ փաստաթղթերի ոչնչացումը: ՀՀ քաղաքականությունը երբեւէ հետաքրքրություն չի դրսեւորել առ այն, որ այդ նորագույն ոճրագործության եւ դրա իսկական կազմակերպիչների չբացահայտված մնալու արդյունքում պոլսահայ համայնքը հայտնվել է ահաբեկված վիճակում: Ո՞վ է այսպես կախարդել Հայաստանի ՀանրապետությանՆ Թուրքիայի հանդեպ տարվող քաղաքականությունը, ո՞վ է վարակել այն տեւական ու վտանգավոր հավկուրությամբ, որն արդեն համաճարակի պես ընդգրկում է հայ հասարակության գրեթե բոլոր խավերը: Ե՞րբ է Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ իրատեսական դառնալու: Ե՞րբ է Հայաստանի ղեկավարությունը գիտակցելու, որ Թուրքիան Հայաստանի դեմ անսքող թշնամական քաղաքականություն է վարում, ունենալով պարզ ու հստակ մի նպատակ` Հայաստանի ոչնչացումը: Մի՞թե այս ճշմարտությունը հասկանալու համար անհրաժեշտ է թուրքական ռազմական ներխուժում, հայերի նոր կոտորած: Ի դեպ, սա այն միակ հակահայկական քայլն է, որ վերջին 17 տարիներին Թուրքիան, իրենից անկախ պատճառներով, չի հաջողեցրել, բայց նպատակադրված է իրականացնելու իր կրտսեր դաշնակցի` Ադրբեջանի ձեռքերով: Սովորաբար, Հայաստանի ղեկավարությունը բացատրում է իր` Թուրքիայի եւ առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ տարվող անբացատրելի զիջողական եւ կրավորական քաղաքականությունը իբր իրապաշտությամբ ու գործնապաշտ (պրագմատիկ) մոտեցումներով, որոնք, ինչպես տեսանք, առաջացրել են միայն թուրքերի քամահրանքը եւ նպաստել թուրքական ճնչումների շարունակությանը: Այդ, այսպես կոչված, իրապաշտությունն ու գործնապաշտությունն արտահայտվում են մի շարք պարզունակ ու զավեշտական հարցադրումներով. Եթե Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան Հայաստանին պատերազմ կհայտարարի. - իրականում, Թուրքիան Հայաստանին պատերազմ արդեն հայտարարել է եւ այն մղում է տեղեկատվական, հոգեբանական, գաղափարական ու տնտեսական ոլորտներում: Իսկ Հայաստանն այդ պատերազմը չտեսնելու է տալիս, մինչդեռ հայտնի ճշմարտություն է` եթե պատերազմում չես կռվում, քեզ ջախջախում են: Թուրքիան ընդամենը զորքով չի հարձակվել Հայաստանի վրա, բայց այդ մի քայլից նրան հետ են պահում բոլորովին այլ պատճառներ, որոնցից նշենք հիմնականներըՆ սեփական խնդիրների առկայությունը, այդ թվում` քրդական ապստամբությունը, Հայաստանի անկախ պետություն լինելը եւ բանակ ունենալը, հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, ռուսական զորքի ներկայությունը, Եվրոպական Միություն մտնելու ցանկությունը, հայկական Սփյուռքի առկայությունը: Սակայն սա չի նշանակում, թե թուրքական վտանգը մեկընդմիշտ վերացել է, միջազգային կամ տարածաշրջանային վայրիվերումների դեպքում թուրքական վերնախավը կարող է ապագայում որոշել հարվածել Հայաստանին, նախընտրելով իր երկարաժամկետ ռազմավարական նպատակներին հասնելը միջազգային կարճաժամկետ դատապարտումից: Ամեն դեպքում, Թուրքիան այդպիսի քայլ կարող է անել անկախ Հայաստանի հողային պահանջ ներկայացնել-չներկայացնելուց: Հիշեցնենք նաեւ, որ 1993թ. Թուրքիան ծրագրել էր ներխուժել Հայաստան, թեեւ այդ պահի ղեկավարությունը հստակ հայտարարել էր Թուրքիայից որեւէ տարածքային պահանջ չունենալու մասին: Եթե Թուրքիան բավարարի Հայաստանի հողային հատուցման պահանջը, ապա ի՞նչ է անելու Հայաստանը. չէ՞ որ այդ հողերի վրա ապրում են 15-20 միլիոն քրդեր եւ թուրքեր. - իրականում, մոտ ապագայում Թուրքիան Հայաստանին որեւէ հողային զիջում չի անելու, որովհետեւ նա դեռեւս ամուր պետություն է: Բայց ավելի մեծ ճնշում Հայաստանի նկատմամբ նույնպես չի կարող իրականացնել` բոլոր հնարավոր ճնշումներն արդեն փորձված են ու կիրառված: Մինչդեռ հողային հատուցման հիմնավորված պահանջը ժամանակի ընթացքում կարող է ստիպել Թուրքիային կատարելու ինչ-ինչ զիջումներ, թեկուզ Արցախի հարցում: Արդյո՞ք մենք պատրաստ կլինենք ընդունելու այդ զիջումները` ցույց կտա ապագան, իսկ առայժմ հողային պահանջը որեւէ բանով չի վնասելու, այլ ընդհակառակն` ամրապնդելու է Հայաստանի դիրքերն Արցախի շուրջն ընթացող բանակցային գործընթացում: Եթե Հայաստանը հողային եւ այլ հատուցումների պահանջ ներկայացնի, Թուրքիան դուրս կշպրտի իր տարածքից այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիներին. - իրականում, Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիները, ինչպես եւս մեկ անգամ ցույց տվեցին Հրանտ Դինքի սպանության հետ կապված իրադարձությունները, առանց լավ գիտակցելու հայտնվել են պատանդի կարգավիճակում: Հայաստանի կառավարությունը պետք է պաշտոնապես կոչ անի նրանց` հնարավորինս արագ դուրս գալ թշնամի պետության` Թուրքիայի տարածքից: Եթե նրանք չանսան այդ դիմումին, ապա հետագա հնարավոր բարդությունների ողջ պատասխանատվությունը կընկնի այդ անհեռատես անհատների վրա: Պատանդի վիճակում է հայտնվել նաեւ պոլսահայ համայնքը: Իրապաշտությունն ու գործնապաշտությունը պահանջում են Հայաստանի ղեկավարությունից Թուրքիայի ուղղությամբ մշակել եւ որդեգրել նոր քաղաքականություն, որի հիմքում ընկած պետք է լինի Հայկական հարցի ճանաչումն ու ընդունումը: Այսօրվա դրությամբ Հայկական հարցն իրավական լուծում այդպես էլ չի ստացել. այն չի լուծվել ո'չ Մոսկվայի, ո'չ Կարսի (երկուսն էլ կնքվել են 1921 թ.), ո'չ ԽՍՀՄ փլուզումից հետո ստորագրված որեւէ պայմանագրի միջոցով, ինչը փաստվում է ներկայիս հեղհեղուկ ռազմավարական, իրավական ու քաղաքական իրադրությամբ: Այդ բազմաթիվ պայմանագրերից որեւէ մեկը լիարժեք չի գործում եւ չի էլ կարող գործել, քանի դեռ Հայկական հարցը, այսինքն` Հայաստանի սահմանների եւ, ըստ այդմ, կենսունակության երաշխիքների խնդիրը չի լուծվել: Հայկական հարցի հետագա զարգացումն անխուսափելիորեն բերելու է նոր պայմանագրերի ստորագրման, ըստ ամենայնի, ոչ միայն Արցախի ու ազատագրված տարածքների կտրվածքով, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների, Նախիջեւանի եւ Հայաստանի բռնազավթված այլ տարածքների մասերով: Հողային հարցում այդ նոր պայմանագրերը կա'մ պահպանելու են այսօրվա ստատուս-քվոն, կա'մ լինելու են ավելի նպաստավոր Հայաստանի համար: Պակաս նպաստավոր լինելու պարագայում` Հայկական հարցի բնությունն ինքն է վիժեցնելու դրանց կենսագործումը, վաղ թե ուշ տարածաշրջանում առաջացնելով նոր սրացումներ, բախումներ ու պատերազմներ: Քանի դեռ հայ ժողովուրդն իր անկախ գոյությունն ապահովելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չի ստացել, տարածաշրջանում տարածքային հարցեր շոշափող որեւէ պայմանագիր չի կարող իրավական հարատեւություն ունենալ: Սա ուռա-հայրենասիրական լոզունգ չէ, որովհետեւ նման պայմանագրի խախտողը ոչ անպայմանորեն հայկական կողմը կլինի. Հայաստանի սահմանների ծայրահեղ խոցելիությունն ու պաշտպանական խորության բացակայությունը մշտապես գայթակղելու են ադրբեջանա-թուրքական դաշինքին` հարմար պահ գտնելու եւ ռազմական ուղիով մեկընդմիշտ «լուծելու» Հայկական հարցը` Հայաստանը վերացնելով: Այսպիսով, հայ ժողովրդի հրաժարումը իր բնիկ հայրենիքից անհնար է ինչպես ռազմավարական անհրաժեշտության տեսանկյունից, որի մասին արդեն խոսեցինք, այնպես էլ բարոյական ու հոգեբանական առումներով` այդպիսի անիմաստ` որեւէ երկարատեւ ապահովություն չպարգեւող հրաժարումը կկործանի հայերի հոգեւոր ու պատմամշակութային աշխարհընկալման ողջ համակարգը, դարձնելով նրանց կամազուրկ եւ աննպատակ զանգված, որից հետո Հայկական հարցի թուրքական սցենարով վերջնական լուծումը այլեւս առանձին ճիգեր չի պահանջի: Իրականում, Թուրքիան այնքան ժամանակ չի հաշտվի իր սահմաններին հայկական պետականություն ունենալու հետ, որքան ժամանակ հույս կտածի, որ այդ պետականությունը կարելի է վերջնականապես ու մեկընդմիշտ խորտակել: Ցավոք, առայժմ այդպիսի հույսեր փայփայելու համար Թուրքիան որոշակի հիմքեր է տեսնում. այդ հիմքերից են` Հայաստանի վախվորած ու կրավորական արտաքին քաղաքականությունը, Թուրքիային սիրաշահելու եւ բարեկամություն խոստանալու ապարդյուն փորձերը, Հայաստանի ներսում թուրքամետ ուժերիՆ «5-րդ զորասյան», կայուն առկայությունը, կազմակերպվածությունը, անկաշկանդ գործունեությունն ու վայելած պետական հովանավորությունը, քարոզչության ու տեղեկատվության բնագավառում Հայաստանի պետական համակարգի կաթվածահարությունը, Հայաստանում հակահայրենասիրական-հակաազատագրական գաղափարախոսության ու հոգեբանության անզուսպ քարոզումն ու գրանցած առաջընթացը, պետական հաստատությունների անկատարությունն ու համընդհանուր կոռումպացվածությունը, շարունակվող արտագաղթը, ներգաղթի աննշան չափերը, տարերայնությունն ու պետական հովանավորությունից հիմնովին զուրկ լինելը, վերջապես, հայկական զինուժի վերահսկած 42000 քառ. կմ-անոց տարածքին վճռականորեն տիրանալու եւ դրանք ամբողջովին վերահայացնելուՆ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների իշխանությունների կամքի բացակայությունը: Բայց ճիշտ է եւ հակառակը. Թուրքիան այն ժամանակ կհաշտվի` ստիպված կլինի հաշտվելու, Հայաստանի պետականության գոյության հետ, երբ Հայաստանը ամենայն պատասխանատվությամբ տեր կկանգնի իր ճակատագրին, իր ժողովրդին, հայկական բանակի վերահսկած 42000 քառ. կմ տարածքին, վարելով արդար ներքին եւ արժանապատիվ արտաքին քաղաքականություն, երբ իր դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական տեղեկատվական-հոգեբանական պատերազմում Հայաստանը ոչ թե ջայլամի քաղաքականություն կվարի, ինչպես այժմ է, այլ կդրսեւորի պաշտպանվելու, ինչպես նաեւ հարձակվելու կամք ու պատրաստվածություն, երբ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները կհասկացնեն ամբողջ աշխարհին, որ արյունով ազատագրված հայկական հողի որեւէ թիզ այլեւս երբեք չեն զիջելու` ո'չ դարավոր թշնամուն, ո'չ բարեկամի սքեմ հագած «խաղաղապահ զինուժին»: Եզրափակենք: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, մերժելով ճանաչել Հայկական հարցը եւ նրա հողային բնույթը, շարունակում է արմատապես սխալ գնահատել իրական վտանգները եւ նրանց զսպման միջոցները: Տարածաշրջանում տիրող ռազմավարական իրականությունից այս կտրվածությունը հղի է ամենածանր հետեւանքներով Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Թուրք-ադրբեջանական դաշինքը զսպելու միակ հնարավոր ինքնապաշտպանության քաղաքականությունը որդեգրելու փոխարեն ընտրված է Հայաստանը ոչնչացնել ցանկացողների ապարդյուն խաղախեցումն ու սիրաշահումը, հայ հասարակությանը միակողմանի զիջումների պատրաստելը, միջազգային խոշոր դերակատարների վրա անառողջ հույսեր դնելը: Հայաստանի արտաքին քաղաքականության գործնապաշտությունը ոչ թե Թուրքիայի ակնհայտ թշնամությունն անտեսելն է, այլ Հայկական հարցը համակողմանիորեն վերարծարծելը, ներառյալ տարածքային փոխհատուցման վերաբերյալ քաղաքականապես իրապաշտ առաջարկներով: Սա, իր հերթին, նախատեսում է արտաքին եւ ներքին քաղաքականության ամբողջական վերանայում, համազգային ինքնապաշտպանական ողջ ներուժի կենտրոնացում եւ կազմակերպում:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play