ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԿԴԱՌՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ<br />


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ ԿԴԱՌՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ

  • 29-11-2004 21:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում ավարտվեց շախմատի միջազգային բաց մրցաշարը, որը նվիրված էր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին: Հուշամրցաշարին մասնակցեցին 8 երկրների 128 շախմատիստներ: 1-ին տեղը նվաճեց Պավել Սմիռնովը (Ռուսաստան), որը շվեյցարական խաղակարգով 9 մրցափուլով անցկացված մրցաշարում վաստակեց 7,5 միավոր: 2-րդ տեղում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը` Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), որը հաղթողից ետ մնաց կես միավորով: Միանգամից 10 մասնակիցներ վաստակեցին 6,5 միավոր: Առավել բարձր լրացուցիչ գործակիցների շնորհիվ 3-րդ մրցանակակիր դարձավ Կարեն Ասրյանը (Հայաստան): 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստները պարգեւատրվեցին համապատասխանաբար 5 հազար, 4 հազար եւ 3 հազար դոլար գումարով: Իսկ ընդամենը մրցանակային հիմնադրամը 35 հազար դոլար էր, եւ պարգեւավճարներ ստացան 36 մասնակիցներ: Առանձին հաշվարկ էր անցկացվում լավագույն արդյունք ցույց տված 3-ական կանանց եւ պատանիների համար: Կանանց համար նախատեսված բոլոր մրցանակները բաժին հասան Հայաստանի ներկայացուցիչներին` Էլինա Դանիելյանին, Նելլի Աղինյանին եւ Լիլիթ Մկրտչյանին: Պատանիներից մրցանակակիրներ դարձան Կոստանտինե Շանայանը (Վրաստան), Բենիամին Գալստյանը եւ Զավեն Անդրեասյանը (2-ն էլ Հայաստան): Անդրեասյանը նաեւ նվաճեց լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակը (Գեգա Մայսուրաձեի նկատմամբ տարած հաղթանակի համար): Հայաստանի 3 երիտասարդ շախմատիստներ` Բենիամին Գալստյանը, Տիգրան Ռ. Պետրոսյանը եւ Վարդան Հակոբյանը լրացրին միջազգային վարպետի նորմա: Ընդ որում, Գալստյանն ու Պետրոսյանը` արդեն 3-րդ անգամ: Մրցաշարի ավարտից հետո մասնակիցները եւ հյուրերը մասնակցեցին Տիգրան Պետրոսյանի հուշարձանի հիմնաքարի դրման արարողությանը: Հուշարձանը կանգնեցվելու է Երեւանի Դավիթաշեն թաղամասում, ականավոր շախմատիստի անունը կրող փողոցում: Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի պաշտպանության նախարար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ինչպես նաեւ շախմատի եվրոպական միության նախագահ Բորիս Կուտինը (Սլովենիա) եւ Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը: Ինչպես հուշամրցաշարի փակման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանին նվիրված մրցաշարը կդառնա ավանդական:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play