ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ<br /> ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ <br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 19-11-2004 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ հայ ականավոր շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված միջազգային մրցաշարի բացումը: Մրցաշարի մի խումբ մասնակիցներ եւ կազմակերպիչներ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Հայաստանի շախմատիստի տան հարեւանությամբ գտնվող Տ.Պետրոսյանի հուշարձանին: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը Ս.Սարգսյանը ողջունեց հուշամրցաշարի բոլոր մասնակիցներին եւ հաջողություն մաղթեց նրանց: Նա նրանց հաղորդեց նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնը ու բարեմաղթանքները: Այնուհետեւ մրցաշարի գլխավոր մրցավարը` միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը, մասնակիցներին ծանոթացրեց մրցակարգին եւ անցկացրեց վիճակահանությունը: Ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը` 2004թ.-ի համաշխարհային օլիմպիադայի եւ Եվրոպայի չեմպիոն, ուկրաինացի գրոյսմաստեր Վասիլի Իվանչուկը, «ընտրեց» սեւ գույնի ձիու պատկերը: Դա նշանակում է, որ 1-ին մրցափուլում նրան եւ մյուս կենտ համարներով շախմատիստներին բաժին ընկան սեւ գույնի խաղաքարերը: Նույն օրը մեկնարկեց առաջին մրցափուլը: Աշխարհի 9-րդ չեմպիոնի հուշամրցաշարում հանդես են գալիս տարբեր երկրների շուրջ 140 շախմատիստներ: Մասնակիցներից մոտավորապես 30-ը գրոյսմաստերներ են, մեծ թիվ են կազմում նաեւ միջազգային վարպետները: Հուշամրցաշարի ուժեղ կազմը ենթադրում է լարված, հետաքրքիր պայքար: Հաղթողը եւ մյուս մրցանակակիրները հայտնի կդառնան նոյեմբերի 27-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play