ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՉԱՐՁԱՆ 36-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
01-11-2004 17:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Մալյորկա կղզու
Կալվիա քաղաքում անցկացված շախմատի 36-րդ համաշխարհային
օլիմպիադայում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները:
Վերջին` 14-րդ, մրցափուլում 3,5-0,5 հաշվով հաղթելով Վրաստանի
թիմին, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 56 հնարավորից վաստակեց
36,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Ռուսաստանի
հավաքականը: Սակայն վերջինս ավելի գերադասելի լրացուցիչ
ցուցանիշներ ուներ եւ ճանաչվեց 2-րդը, իսկ Հայաստանի շախմատիստները
գրավեցին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալների: Սա նրանց արդեն
3-րդ նմանօրինակ հաջողությունն է. Հայաստանի տղամարդկանց
հավաքականը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 1992 եւ 2002թթ.-ին
կայացած օլիմպիադաներում: Իսկ 36-րդ օլիմպիադայի չեմպիոն դարձավ
Ուկրաինայի հավաքականը, որը 39,5 միավոր վաստակեց:
Հայաստանի կանանց հավաքականը վերջին մրցափուլում 2-1 հաշվով
հաղթեց Ադրբեջանի թիմին,վաստակեց 24,5 միաբվոր եւ բաժանեց 9-12-րդ
տեղերը: Մրցաշարային գործակիցներով Հայաստանի շախմատիստները 11-րդն
էին:
Կանանց մրցապայքարում օլիմպիադայի չեմպիոն դարձավ Չինաստանի
հավաքականը, որը 42 հնարավորից վաստակեց 31 միավոր: Արծաթե եւ
բրոնզե մեդալակիրներ դարձան, համապատասխանաբար, ԱՄՆ-ի (28 միավոր)
եւ Ռուսաստանի (27,5 միավոր) թիմերը: