ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ, ԿԱՆԱՆՑԸ` ՊԱՐՏՎԵՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ, ԿԱՆԱՆՑԸ` ՊԱՐՏՎԵՑ

  • 27-10-2004 19:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Կալվիա քաղաքում ընթացող շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայում նոր հաջողության հասավ Հայաստանի տղամարդկանց հավաքականը: 11-րդ մրցափուլում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին Շվեյցարիայի հավաքականին: Իրենց հանդիպումները ոչ-ոքի ավարտեցին Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն արոնյանը, եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ հաղթական միավորը թիմին բերեց Ռաֆայել Վահանյանը: Այս օլիմպիադայում հայկական շախմատի վետերանը հիանալի է խաղում. նա 9 հանդիպումներում վաստակել է 7,5 միավոր: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը ունի 29 միավոր եւ ընթանում է 3-րդ տեղում: Առաջատարը Ուկրաինայի թիմն է (32 միավոր), երկրորդ տեղում է Ռուսաստանի թիմը (29,5 միավոր): Հայաստանի կանանց հավաքականը նույն մրցափուլում 1-2 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի թիմից: Թիմի առաջատարը` Էլինա Դանիելյանը, շահեց իրհանդիպումը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Անդրեասյանը պարտվեցին: Այժմ, երբ օլիմպիադայի ավարտին մնացել է 3 մրցափուլ, Հայաստանի շախմատիստուհիները 19,5 միավորով տեղ են զբզղեցնում աղյուսակի 2-րդ տասնյակի միջնամասում: Մրցապայքարը վստահորեն գլխավորում է Չինաստանի հավաքականը, որը 26 միավոր է վաստակել: Նրան հաջորդում են Վրաստանի (22 միավոր), Հունգարիայի եւ ԱՄՆ-ի (21,5- ական միավոր) հավաքականները: Օլիմպիադայի 12-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդիկ կմրցեն ԱՄՆ-ի, իսկ կանայք` Սլովակիայի շախմատիստների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play