ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԱՌՋԵՎՈՒՄ
ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» Է
04-10-2004 20:35:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի
Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ մրցափուլի 4
հանդիպումներից 3-ը: Երեւանյան երկու թիմերի` «Բանանցի» եւ
«Դինամո-Զենիթի» խաղում 4-0 հաշվով հաղթեց «Բանանցը»: Հետաքրքիր է,
որ բոլոր 4 գնդակներն էլ մրցակցի դարպասը խփեց երիտասարդ հարձակվող
Սամվել Մելքոնյանը: Մյուս երկու խաղերում Երեւանի «Արարատը» 3-0
հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին», Աբովյանի «Կոտայքը» 2-0 հաշվով`
Երեւանի «Կիլիկիային»: Մրցափուլի 4-րդ` «Փյունիկ» (Երեւան)-«Միկա»
(Աշտարակ) հանդիպումը հետաձգվեց եւ կկայանա ավելի ուշ:
Վերջին մի քանի մրցափուլերում մի շարք հանդիպումներ հետաձգվել
են, այդ իսկ պատճառով թիմերը տարբեր թվով խաղեր են անցկացրել: Ամեն
դեպքում, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» շարունակում է վստահորեն
գլխավորել առաջնությունը: Թիմը 27 խաղից հետո 57 միավոր է
վաստակել: Երկրորդ տեղում ընթացող «Միկան» նույնքան խաղից հետո
ունի 42 միավոր: Առաջատարների եռյակը եզրափակում է «Բանանցը»` 22
խաղ, 37 միավոր:
Առաջնության հերթական` 24-րդ մրցափուլի խաղերը կանցկացվեն
հոկտեմբերի 17-18-ին: