ԿԱՅԱՑԱՎ «ԱՐՑԱԽ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ<br />


ԿԱՅԱՑԱՎ «ԱՐՑԱԽ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  • 14-09-2004 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային գրադարանում (ՀԱԳ) սեպտեմբերի 14-ին կայացավ նյույորքաբնակ լրագրող Զվարթ Գալստյան-Գեւորգյանի սցենարով նկարահանած «Արցախ» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: 1988թ.-ին նկարահանած ֆիլմում, որը, ըստ Զ.Գալստյան-Գեւորգյանի, մինչ այդ ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, ներկայացված է հայ ժողովրդի ազգային զարթոնքի եւ Ղարաբաղի անկախության համար պայքարի սկիզբը: Սցենարի հեղինակը հայտնեց, որ ֆիլմը նկարահանվել է լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի նախաձեռնությամբ, որը տրամադրել էր իրեն Հայաստանում 88-ի փետրվարյան իրադարձությունների մասին պատմող որոշ տեսաժապավեններ: Այնուհետեւ արքեպիսկոպոսը առաջարկել է միավորել այդ բոլոր երիզները, գրել սցենար եւ ֆիլմ պատրաստել: Զ.Գալստյան-Գեւորգյանի խոսքերով, արքեպիսկոպոս Աշճյանի նպատակն էր աշխարհին ներկայացնել ղարաբաղյան շարժման իրական պատկերը` առանց խեղաթյուրման: «Ես պետք է համարձակ բաներ գրեի, ինչը դժվար էր, սակայն ես հայ եմ, եւ կատարել եմ իմ սրբազան պարտքը»,- նշեց նա: Նշվեց նաեւ, որ ֆիլմը անգլերեն թարգմանել է բանաստեղծ Գեւորգ Էմինի քրոջ որդին` Արա Գաբրիելյանը: Ըստ Զ.Գալստյան-Գեւորգյանի, ամերիկյան մամուլում բազմիցս գրվել է ֆիլմի մասին, իսկ շատ ամերիկացիներ «Արցախ» ֆիլմով են ճանաչել հայ ժողովրդին:
Նոյյան տապան  -   Մշակույթ