ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ<br />


ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ

  • 07-09-2004 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ի ասուլիսում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողներին խնդրեց չքաղաքականացնել հարցը եւ շահարկումների առարկա չդարձնել Աթենքի 28-րդ օլիմպիադայում Հայաստանի մարզիկների անհաջող ելույթների թեման: Նա նշեց, որ օլիմպիադային նախորդող 4 տարիների ընթացքում ամեն ինչ արվել է Աթենքի խաղերին լավ նախապատրաստվելու համար: Ըստ նրա, մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահների, հավաքականների մարզիչների բոլոր պահանջներն ու խնդրանքները բավարարվել են: Սակայն, ինչպես նշեց Ի.Զաքարյանը, Աթենքում որոշ մարզիկների հետ անհասկանալի բան կատարվեց եւ նրանք իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան: ՀԱՕԿ-ի նախագահի խոսքերով, իր դերը խաղաց նաեւ այն, որ այժմ բարձր կարգի մրցումներում (իսկ օլիմպիական խաղերն հենց այդպիսին են) չի պահպանվում ազնիվ մրցակցության ոգին, այլ գործոններ են հանդես գալիս: Ի.Զաքարյանը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների նախագահների, մասնագետների հետ լուրջ քննարկումներ անցկացնել, պարզել անհաջողությունների պատճառները: ՀԱՕԿ-ի նախագահը խիստ կարեւորեց մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների ինտեգրումը միջազգային կառույցներին: Այս կերպ, ըստ նրա, հնարավոր է շատ եւ շատ հարցեր լուծել, հակառակ դեպքում կրկին կհայտնվենք աննպաստ վիճակներում: Անդրադառնալով շատերին հետաքրքրող այն հարցին, թե արդյոք ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ի.Զաքարյանը բացասական պատասխան տվեց: Ըստ իրեն, ինքն իրենից կախված ամեն ինչ արել է Աթենքի օլիմպիադային լավագույնս նախապատրաստվելու եւ այնտեղ հաջող հանդես գալու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play