ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ
06-08-2004 18:08:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտին է մոտեցել
Թուրքիայի Ուրգուպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան
առաջնությունը: 5 տարիքային խմբերում միաժամանակ անցկացվող 10
մրցաշարերին մասնակցում են նաեւ Հայաստանի 14 ներկայացուցիչներ:
Նրանցից առավել հաջող են հանդես գալիս Ռոբերտ Աղասարյանը (10
տարեկանների խումբ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (12 տ.): 7 մրցափուլից
հետո Ռոբերտը վաստակել է 6,5, Սամվելը` 6 միավոր: Երկուսն էլ իրենց
տարիքային խմբերում գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ
չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունեն: Եվրոպայի
առաջնությունում հաջող են խաղում նաեւ Խաչատուր Երանոսյանը (10
տ.), Տիգրան Մամիկոնյանը եւ Զավեն Անդրեասյանը (2-ն էլ` 16 տ.):
Առաջնության ավարտին մնացել է 2 մրցափուլ: