ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԹԻՄ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ
09-06-2004 20:55:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշտարակի «Միկան», որ
վերջերս ստանալով համապատասխան արտոնագիրը, նախապատրաստվում էր
հանդես գալ ՈՒԵՖԱ-ի «Ինտերտոտոյի» մրցաշարում, հանդես կգա ՈՒԵՖԱ-ի
գավաթի մրցաշարում: Այս հնարավորությունը Հայաստանին ընձեռվել է
երեկ Գերմանիայի Բոխում քաղաքում կայացած վիճակահանության
արդյունքում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան,
2004/05 թվականների "Fair Play"` «Ազնիվ խաղի» մրցանակը պետք է
վիճարկեին 12 երկրներ, որոնք «Ազնիվ խաղի» դասակարգման ցուցակում
վաստակել էին 8-ից բարձր միավոր: Հայաստանը դասակարգման 7-րդ
հորիզոնականում էր: Շվեդիան, որն առաջին տեղում էր 8,314 միավորով,
առանց վիճակահանության իրավունք ստացավ թիմ ներկայացնելու ՈՒԵՖԱ-ի
գավաթի մրցաշարում: Շվեդիայից այդ իրավունքին արժանացավ «Էստեր»
թիմը: Վիճակահանության արդյունքով, մասնակից մյուս 11 երկրներից
երկուսը` Հայաստանը եւ Ուկրաինան, վաստակեցին եւս մեկական տեղ
ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Այդ է պատճառը, որ «Միկան» Ինտերտոտոյի
մրցաշարից կտեղափոխվի ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշար:
Հայաստանի ակումբներից «Կոտայքը», որն ըստ նախորդ տարվա
Հայաստանի ազգային առաջնության եւ գավաթի խաղարկության «Ազնիվ
խաղի» դասակարգման ցուցակում առաջին հորիզոնականն էր գրավել եւ
կարող էր հանդես գալ ՈՒԵՖԱ-ի` Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում,
արտոնագրում չունենալու պատճառով դուրս մնաց վերոհիշյալ մրցաշարի
մասնակցությունից: