ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ<br /> ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ
ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 08-06-2004 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ մեծ շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 9-15-ը Մոսկվայում պետրոսյանական թիմը կմրցի աշխարհի հավաքականի հետ: Ըստ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաղորդագրության, պետրոսյանականների թիմը կգլխավորի աշխարհի ուժեղագույն շախմատիստ Գարրի Կասպարովը: Թիմում ընդգրկված են Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, ինչպես նաեւ Պետեր Լեկոն եւ Բորիս Գելֆանդը: Աշխարհի հավաքականի կազմում հանդես կգան Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը, Մայքլ Ադամսը, Էթիեն Բաքրոն, Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը եւ Լուկ Վան Վելին: Այս տարվա նոյեմբերին Տիգրան Պետրոսյանին նվիրված 2 խոշոր մրցաշարեր` միջազգային բաց մրցաշար եւ Եվրոպայի արագ շախմատի առաջնություն, կանցկացվի Երեւանում: Իսկ դեկտեմբերին նախատեսվում է ինտերնետ համացանցի միջոցով Տ.Պետրոսյանի միջազգային հուշամրցաշար անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հավաքականների մասնակցությամբ: 2004թ.-ին, որը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջարկությամբ ՖԻԴԵ-ն ամբողջ աշխարհում հռչակել է Տիգրան Պետրոսյանի տարի, Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակը կկոչվի նրա անունով. մինչեւ տարեվերջ այստեղ նախատեսվում է տեղադրել Տ.Պետրոսյանի հուշարձանը: Աշխարհի 9-րդ չեմպիոնի եւս մեկ հուշարձան կկանգնեցվի Երեւանի Դավիթաշեն թաղամասում: Շախմատիստի 75-ամյա հոբելյանը նշանավորվել է երկու` ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանի «Տիգրան Պետրոսյանը իմ հուշաշխարհում» եւ Գագիկ Հովհաննիսյանի «Տիգրան Պետրոսյանը լուսանկարներում, գրոհներում, ասույթներում» գրքերի լույս ընծայմամբ: Վերջինս հրատարակվել է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Հոբելյանի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը պատրաստել է Տիգրան Պետրոսյանին նվիրված հրատարակությունների ցուցահանդես: Շուտով կթողարկվի հոբելյանական նամականիշ, իսկ հունիսին եւ նոյեմբերին, համապատասխանաբար, Մոսկվայում եւ Երեւանում կկայանան հանդիսավոր նիստեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play