ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՏՐԻՊՈԼԻՈՒՄ ԵՎ<br /> ԷԼԻՍՏԱՅՈՒՄ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՏՐԻՊՈԼԻՈՒՄ ԵՎ
ԷԼԻՍՏԱՅՈՒՄ

  • 03-05-2004 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի առաջնության մասնակիցների ցուցակը: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կայանալիք առաջնությունում հանդես կգան 128 շախմատիստներ: Նրանց թվում կլինեն Հայաստանի 6 ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը եւ Կարեն Ասրյանը: Առաջնության մասնակիցների թվում կլինեն եւս 2 հայազգի շախմատիստներ` Գերմանիան ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիս-հուլիս ամիսներին: «Նոկաուտ» համակարգով անցկացվելիք մրցումների մրցանակային հիմնադրամը ավելի քան 1,5 միլիոն դոլար է: Ընդ որում, դրամական պարգեւներ կստանան բոլոր մասնակիցները: Հստակություն մտցվեց աշխարհի կանանց առաջնության մրցավայրի հարցում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի եւ Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեի միջեւ պայմանագիր էր կնքվել առաջնությունը Բաթումում անցկացնելու վերաբերյալ: Սակայն, քանի որ Վրաստանի իշխանություններն իրենց անհամաձայնությունն էին հայտնել, մրցավայրը փոխվեց. կանանց առաջնությունը կանցկացվի Իլյումժինովի հայրենի Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում: Մրցաշարի մեկնարկը նախապես նշանակված էր մայիսի 21-ին, սակայն այն կարող է փոխվել: Թեեւ առաջնությունը Բաթումում չի կայանա, այդուհանդերձ, ծախսերը կհոգա Աջարիայի կառավարությունը, իսկ աշխարհի չեմպիոնուհուն կհանձնվի Ասլան Աբաշիձեի գավաթը: Կանանց առաջնությունը նույնպես կընթանա «Նոկաուտ» համակարգով: Աշխարհի առաջնության 64 մասնակիցների թվում կլինեն Հայաստանի 2 ուժեղագույն շախմատիստուհիներ` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ