Գարեգին Բ Կաթողիկոս. «Բյուրավոր խոսքերի մեջ անհրաժեշտ է աստվածային խոսքի գերակայությունը»


Գարեգին Բ Կաթողիկոս. «Բյուրավոր խոսքերի մեջ անհրաժեշտ է աստվածային խոսքի գերակայությունը»

  • 14-09-2011 14:19:11   |   |  Հասարակություն

 Սեպտեմբերի 7-10-ին Իտալիայի Միլան քաղաքի մոտ գտնվող Բոսսեի վանքում տեղի ունեցավ 19-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը` «Աստուծո խոսքը հոգեւոր կյանքում» թեմայով: Ժողովին մասնակցում էին Կաթոլիկ, Ռուս Ուղղափառ, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայցուցիչներ: Գարերին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Ժողովի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբի կողմից կոնֆերանսի մասնակիցներին ընթերցվեց Հայրապետական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Քրիստոնյա ժողովուրդների հոգեւոր ուժն ու զորությունը, հավատքի անշեջ լույսը սնվում են աստվածային խոսքի օրհնաբեր աղբյուրից: Աստվածային ճշմարտությունը արտահայտվեց խոսքով, որն իր զորությամբ վերափոխում է մարդկային կյանքը: Մեծապես գնահատելի է, որ այս համագումարին դուք համախմբվել եք զեկուցումներ ներկայացնելու եւ քննարկումներ իրականացնելու հոգեւոր կյանքում Աստվածաշնչի կաեւորության, Ընդհանրական Սուրբ Հայրերի եւ եկեղեցական հեղինակների սուրբգրական աշխատությունների եւ Աստծո խոսքով ներշնչված վանական ու ճգնավորական մեծ փորձառության վերաբերյալ: Աստծո խոսքը այն ամփոփող գիրը չէ միայն, այլ գրից ավելին` հոգին, որն արտահայտվում է խոսքի միջոցով` համաձայն Սուրբ Պողոս առաքյալի հաստատման. «Գիրն սպանանէ, այլ հոգին կեցուցանէ» (Բ Կորնթ. Գ 6): ...Այսօր, երբ արդիական տեխնոլոգիաների օգնությամբ տեղեկություններն արագությամբ սփռվում են աշխարհով մեկ, մեր կյանքում նկատվում է խոսքի առատություն, սակայն այդ բյուրավոր խոսքերի մեջ անհրաժեշտ է աստվածային խոսքի գերակայությունը, որպեսզի հասարակությունները, մարդիկ ապրեն փոխըմբռնման, համերաշխության եւ Քրիստոսապատվեր սիրո մեջ: Ներկա ժամանակներում, երբ նաեւ սփռվում են զանազան կեղծ գաղափարներ` ճշմարտության շղարշով քողարկված, առավել հրատապ է դառնում անհրաժեշտությունը աշխարհում Աստծո խոսքի իմացության ու տարածման, որը պայծառակերպում է հոգիները եւ մնում անփոփոխ ու հավիտենական, ինչպես ասում է Քրիստոս. «Երկինք եւ երկիր անցցեն, եւ բանք իմ մի անցցեն» (Մատթ. ԻԴ 35)»:
Նոյյան տապան  -   Հասարակություն