ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆՈՒՄ<br />


ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

  • 26-02-2004 16:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ավարտվեց շախմատի «Աերոֆլոտ Օփեն» փառատոնը: Ուժեղագույն «A» մրցաշարում հիանալի հանդես եկավ երեւանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Հայկական շախմատի 52-ամյա վետերանը խաղում էր երիտասարդական եռանդով` ցուցադրելով բարձր վարպետություն: Նա 9 հանդիպումներից 5-ը շահեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի եւ 7 միավորով բաժանեց 1-3-րդ տեղերը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռուբլեւսկին, որը բացի գլխավոր մրցանակից նաեւ իրավունք ստացավ հանդես գալու ամռանը Դորտմունդում կայանալիք սուպերմրցաշարում: «A» մրցաշարում Տիգրան Լ.Պետրոսյանը 6 միավորով գրավեց 21-րդ տեղը: Այս բարձր արդյունքը պատանի շախմատիստին հնարավորություն տվեց 3-րդ անգամ լրացնել միջազգային գրոսմայստերի նորման: Այս բարձր կոչումը նրան կշնորհվի 2004թ.-ի անցկացվելիք ՖԻԴԵ-ի կոնգրեսներից մեկում: Պաշտոնապես միջազգային գրոսմայստեր հռչակվեց գյումրեցի շախմատիստ Արա Մինասյանը: Նրա անհատական վարկանիշը ընդամենը 1 կետով էր պակաս կոչումը ձեւակերպելու համար, եւ բացը լրացվեց մոսկովյան մրցաշարի 3-րդ մրցափուլում: Արան ի վերջո վաստակեց 5,5 միավոր: Այդպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ Կարեն Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը: «A» խմբում հանդես եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքներն այսպիսին են. Արտաշես Մինասյան` 5, Արման Փաշիկյան` 4, Էլինա Դանիելյան` 3 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ