Արամ Առաջին Կաթողիկոս. Հավատարիմ մեր պապերի կտակին՝ մենք պետք է շարունակենք մեր պահանջատիրական պայքարը


Արամ Առաջին Կաթողիկոս. Հավատարիմ մեր պապերի կտակին՝ մենք պետք է շարունակենք մեր պահանջատիրական պայքարը

  • 19-09-2011 23:21:20   | Հայաստան  |  Քաղաքական
Հակառակ Հայաստանի դիմագրաված տնտեսական, քաղաքական ու սոցիալական բազմազան դժվարությունների, անկախության 20 տարիների ընթացքում հրաշքի համազոր իրագործումներ են կատարվել Հայաստանում եւ Արցախում։ Այս մասին Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական համաժողովում սեպտեմբերի 19-ին այս մասին նշեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։ «Անկախության կերտումը դժվար է. սակայն անկախության պահպանումը ու ամրապնդումը շատ ավելի դժվար է, այն պահանջում է հավաքական հավատք ու կամք եւ մանավանդ՝ ամբողջական հանձնառություն»,- ասաց նա։ Ըստ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, համահայկական երրորդ համաժողովի քննարկումները կենսական են ազգի ամբողջականությունն արտահայտելու ու միասնականությունը խորացնելու իմաստով, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի զավակներին ազգի ու հայրենիքի ընդհանրական ու գերագույն շահերի, տագնապների ու ձգտումների շուրջ համախմբելու իմաստով։ «Հայաստան-Սփյուռք գործակցությունը մեր ազգի ապագայի համար առաջնահերթ կարեւորություն ներկայացնող մարտահրավեր է», որն անհրաժեշտ է ծրագրել իրապաշտ մոտեցումով եւ համապարփակ հայեցակետով՝ ի գործ դնելով ազգի ամբողջ ներուժը։ «Բավական չէ համահայկական ձեռնարկներ կազմակերպել, հրամայական անհարժեշտություն է համահայկական մտածողություն զարգացնել»,- ասաց Արամ Առաջին Կաթողիկոսն, ընդգծելով, որ հատուկ ուշադրության առարկա պետք է դառնա նաեւ Ջավախքի հայությունը եւ նրա մարդկային իրավունքների եւ ազգային դիմագծի պահպանումը։ Ավելին, Հայաստանի հզորացումը, Արցախի անկախության ամրապնդումը եւ Սփյուռքի վերակազմակերպումը որպես մեկ ամբողջություն պետք է դառնա յուրաքանչյուր հայի եւ ողջ հայության կյանքի ճանապարհը, մտածւղւթյան առանցքը ու պայքարի նշանաբանը։ Կիլիկո Կաթողիկոսը խոր մտահոգություն հայտնեց Հայաստանից նույն թափով կատարվող արտագաղթի առնչությամբ։ Ուստի անհետաձգելի անհրաժեշտություն է, ըստ Վեհափառի, արտագաղթի սոցիալ-տնտեսական պատճառների լուծումներ որոնելը՝ «առաջն առնելու համար մեր ազգի այդ ներքին արյունահոսությունը»։ Վեհափառը մտահոգություն հայտնեց նաեւ «կոռուպցիա կոչվող հիվանդության արագածոր ընթացքի» կապակցությամբ։ «Փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը եւ դրա դիմաց մտավորականների, գրողների, ուսուցիչներռի եւ ընդհանրապես մեր ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները անհրաժեշը է որ շուտով հիմնական բարեփոխության ենթարկվեն»,- ընդգծեց նա, հավելելով, որ «Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երեւույթների նկատմամբ»։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Արամ Առաջին Կաթողիկոսն ընդգծեց. «Մենք սովորական ամյակը չէ, որ պետք է նշենք, մենք պահանջատեր ազգ ենք, 1,5 մլն հայի արյուն է թափվել, մեր եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքները, մեր ժողովրդի զավակների սեփական տները, հողերը, ինչքերը բռնագրավված են ցեղասպան թուրքի կողմից։ Հավատարիմ մեր պապերի կտակին՝ մենք պետք է շարունակենք մեր պահանջատիրական պայքարը՝ հավաքական մեկ կամքով, հավաքական մեկ ձայնով, հավաքական մեկ պահանջատիրությամբ։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play