Բնական պաշարների կառավարումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ պարտականությունն է, հայտարարում է Թեղուտի պաշտպանության խումբը


Բնական պաշարների կառավարումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ պարտականությունն է, հայտարարում է Թեղուտի պաշտպանության խումբը

  • 06-06-2011 11:42:11   | Հայաստան  |  Հասարակություն
Բնական պաշարների կառավարումը` հանուն երկրի զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ պարտականությունն է: Ինչպես նշված է Թեղուտի պաշտպանության խմբի հայտարարությունում, իշխանության կողմից իր տվյալ պարտականության ձախողումն ամրապնդում է երկրում տիրող սոցիալական անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտը, եւ ծառայում կարեւոր գործոն իշխանությունը փոխելու հասարակական պահանջարկի ձեւավորման համար»: Հայտարարությունում նաեւ ասված է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն, «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը»: Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք բնապահպանական կոնվենցիաների եւ ընդունել շրջակա միջավայրի գործողությունների ազգային ծրագիր: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետական կառույցները միջազգային ու օտարերկրյա կազմակերպություններից տարեցտարի ստանում են հարյուրավոր միլիոն դոլարների հասնող աջակցություն եւ նրանց ներկայացնում հաշվետվություններ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման մասին: Այս քաղաքականությունն ու միջոցառումներն իրականացվում են նաեւ մեր պետության կողմից որդեգրած կայուն զարգացման հայեցակարգի համատեքստում, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված մոտեցում երկրի տնտեսական զարգացման գործում` որոշումների ընդունման գործընթացում հաշվի առնելով սոցիալական եւ էկոլոգիական հիմնախնդիրները: Հայեցակարգը միտված է բարձրացնել ողջ հասարակության եւ նրա անդամների բարեկեցությունը` երաշխավորելով նաեւ ապագա սերունդների կարիքների ապահովումը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը եւ բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ, մի խումբ անձանց մասնավոր շահից ելնելով, անխնա եւ արագ տեմպերով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի զարգացումը: Հայաստանն օր-օրի ծածկվում է նորանոր բացվող հանքերով ու միլիոնավոր տոննաներով լեցուն թունավոր նյութերի պոչամբարներով: Անտառահատումների արդյունքում արագանում են անապատացման գործընթացները եւ հաճախակի են դառնում սողանքները: Երկրի մակերեւութային ու ստորերկրյա ջրերը զոհաբերվում են հիդրոէներգետիկայի ու ձկնարդյունաբերության ոչ խելամիտ զարգացմանը: Որսի ծավալման ու տնտեսական գործունեության արդյունքում աղքատանում է երկրի կենդանական ու բուսական աշխարհը: Քաղաքների ինտենսիվ կառուցապատման հետեւանքով աճում են սեյսմիկ ռիսկերը եւ ավելանում է սթրեսը: Մարդիկ արտագաղթում են իրենց հայրենիքից`գիտակցելով, որ ընդամենը 1-2 տասնամյակ անց նրանց երեխաները չեն ունենալու ապրելու համար պատշաճ առողջ շրջակա միջավայր, երկիրը զարգացնելու ռեսուրսներ եւ ապահով ապագա: Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի ձեռնարկում որեւէ քայլ իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Հասարակայնության եւ մասնագետների կողմից բարձրացվող բողոքները մնում են անպատասխան եւ ,ձայն բարբառոյ hանապատիե: Իսկ բնական ռեսուրսների հյուծումը Հայատանում տեղի է ունենում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, իմացությամբ, թողտվությամբ եւ օրինականացմամբ, եւ նրանք որեւէ կերպ պատասխանատվության չեն ենթարկվում կատարած անօրինականությունների համար: Երկրում տիրում է բացարձակ ,բեսպրեդելըե եւ անպատժելիությունը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play