Նախատեսվում է վերազինել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան


Նախատեսվում է վերազինել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան

  • 30-09-2011 14:33:03   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ինչպես ընդգծեց Արթուր Բաղդասարյանը, Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններից է, դա է պատճառը, որ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից մշակվել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը, որն հավանության է արժանացել ԱԱԽ-ում եւ հաստատվել երկրի նախագահի կողմից: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2011թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է նշված ոլորտի իրավախախտումների շուրջ 7,4 տոկոսանոց աճ, շուրջ 10 տոկոսով աճել է նաեւ նման հանցատեսակների բացահայտման ցուցանիշը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Եվրոպական միությունը դիմել է Հայաստանին, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի մյուս անդամ երկրներին՝ ուժեղացնել համագործակցությունն այս ոլորտում: Եվրոմիությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել 10 մլն եվրո գումար, մասնավորապես, թմրամոլության եւ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի վերազինման համար: ԱԱԽ քարտուղարը հայտնեց նաեւ, որ շուտով կավարտվեն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման աշխատանքները: Համակարգված փաստաթուղթ ստեղծելու նպատակով ԵՄ-ից Հայաստան է ժամանել հատուկ փորձագետ, ով կաշխատի Հայաստանի իրավապահ մարմինների հետ: Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ հասարակական այդ չարիքի դեմ պայքարը պետք է մղել երեք հիմնական ուղղություններով՝ թմրամոլության կանխարգելում, պատժի անխուսափելիություն եւ թմրամոլության զոհերի հասարակություն վերադարձնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներ: ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գնահատմամբ, ոստիկանության կողմից զգալի աշխատանքներ են կատարվել ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված 2009-2012թթ. ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում: «Ուրախալի է, որ հայտնաբերվում ու առգրավվում են մեծ քանակությամբ թմրամիջոցներ, բայց այդ ուղղությամբ դեռեւս անելիքներ ունենք»,- ասաց նա, ընդգծելով, որ խոսքը, մասնավորապես, թմրամոլության զոհերի հասարակություն վերադարձի մասին է: Ոստիկանությունում եւ Սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարարությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրություններ կկատարեն եւ հաջորդ տարվա հունվարի կեսերին կներկայացնեն դրանց արդյունքները: Մասնավորապես, ոստիկանությունում ստեղծված խումբը կուսումնասիրի նյութատեխնիկական բազայի վերազինման, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ու հատուկ վարժեցված շների պահանջարկը, իսկ սոցիալական հարցերի նախարարության խումբը՝ շահառուների թիվը թմրամոլության հակում ունեցող անձանց համար սոցիալ-վերականգնողական ծրագիր իրականացնելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play